Աշխարհում այդքան պահանջված շնչառական թերապիան սկսում է տարածվել Հայաստանում

Շնչառական թերապիան, որ աշխարհում մեծ պահանջարկ ունի, առողջության վերականգնման ու պահպանման պրակտիկա է, սկսել է հետաքրքրություն առաջացնել նաև Հայաստանում:

Շնչառական թերապիա. ի՞նչ է դա եւ ո՞ր խնդիրները հաղթահարելու գործում կարող է օգնել

Շնչառությունը միայն ֆիզիկական ակտ չէ. շնչառության հետ կապված պրակտիկաները վաղուց օգտագործվել են տարբեր մշակույթներում և ավանդույթներում գիտակցության ավելի խոր վիճակներին հասանելիություն ունենալու և որոշ հիվանդություններ բուժելու և հոգևոր զարգացման համար: Այսօր այդ պրակտիկաներից շատերն արդեն լիովին գիտական ​​հիմք ունեն և օգտագործվում են մասնագետների կողմից մի շարք սոմատիկ և հոգեբանական խնդիրների լուծման համար:

Շնչառական թերապիաները, ինչպես NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց այսպիսի թերապիայի որակավորված միջազգային մասնագետ Քրիստինե Կիրակոսյանը, օգտագործում են գիտակցության տարբեր հարթությունների և փոփոխված վիճակների հասնելու համար, որոնց շնորհիվ կարելի է հաղթահարել անցյալի որոշ տրավմաներ և խնդիրներ, բարելավել մարմնի առողջությունը, ազատել վախերից ու կախվածություններից։

«Ի՞նչ ենք մենք անում, երբ գալիս ենք այս աշխարհ: Առաջին բանը, որ անում է նորածինը՝ շնչելն է: Եվ երբ դադարում ենք շնչել, հեռանում ենք այս աշխարհից։ Ամբողջ կյանքը տեղի է ունենում շնչի և արտաշնչի միջև: Չկա ոչինչ ավելի կարևոր ու զորավոր, քան մեր շունչն ու արտաշունը: Մենք օգտագործում ենք մեր շնչառության ուժը, մարմնի բուժիչ համակարգը ակտիվացնելու համար, որն էլ իր հերթին մեզ հնարավորություն է տալիս ազատվելու այն ամենից, ինչը մեզ հարկավոր չէ, որպեսզի կարողանանք լիարժեք կյանքով ապրել»,- ասաց նա:

Ով է Քրիստինե Կիրակոսյանը

Քրիստինե Կիրակոսյանը շնչառական թերապիաների հավաստագրված ուսուցիչ է, Ռեիկիի էներգետիկ բուժման վարպետ և յոգայի և մեդիտացիայի հավաստագրված ուսուցիչ, ով իր աշխատանքում միախառնում է հնագույն պրակտիկաները ժամանակակից գիտելիքների հետ: Նա ձեռնամուխ եղավ ինքնաբացահայտման հոգևոր ճանապարհորդության 2015 թվականին՝ ավարտելով իր ասպիրանտուրան Եվրոպայում, թողեց իր կորպորատիվ և ակադեմիական աշխարհը՝ ճանապարհորդելու աշխարհով մեկ՝ զբաղվելու մեդիտացիայով, յոգայով, շամանիզմով, էներգետիկ և տարբեր հոգևոր պրակտիկաներով:

Share This