Այս վարկային կազմակերպությունից տուժել են ավելի քան 100 ՀՀ քաղաքացիներ. ակցիա կառավարության դիմաց
Այս պահին կառավարության շենքի դիմաց մի շարք քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում։ Ակցիայի մասնակիցների խոսքով՝ իրենք կառավարությունից չեն բողոքում, բողոքը կապված է «Էքսպրես կրեդիտ» վարկային կազմակերպության հետ, եկել են, որպեսզի կառավարությանը տեղեկացնեն՝ վարկային կազմակերպության գործունեության մասին, որը, ըստ ակցիայի մասնակիցների, չարիք է հայ ժողովրդի համար։
«Այս կազմակերպությունը աշխատում է ժողովրդից ունեցվածքը խլելու համար։ Այս վարկային կազմակերպությունից տուժել են ավելի քան 100 ՀՀ քաղաքացիներ։ Այս կառույցի ղեկավարը ժամանակին քրեական հոդվածով հետախուզվել է ֆինանսական խարդախության համար, սակայն այսօր գլխավորում է իր վարկային կազմակերպությունը։ Ոչինչ չի փոխվել, նա շարունակում է մարդկանցից խլել բնակարաններ, տներ»,- իր ելույթում նշեց վարկային կազմակերպությունից տուժած քաղաքացի Վարդան Մալխասյանի որդին՝ Տիգրան Մալխասյանը։
