«Այս շարժումը ստեղծվել է երկիրը կործանումից փրկելու համար». Գևորգ Գևորգյան

«Համահայկական ճակատ» շարժման գրասենյակում դեկտեմբերի 14-ին տեղի ունեցավ մամուլի ասուլիս։ Բանախոսներն էին՝ շարժման առաջնորդ, ռազմական, քաղաքական գործիչ, գեներալ մայոր Արշակ Կարապետյանը և շարժման համահիմնադիր, ռազմական, հասարակական, քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը։ Արշակ Կարապետյանը ասուլիսին մասնակցում էր հեռավար կապով։ Ներկայացվեցին շարժման նպատակներն ու խնդիրները, հստակ ընդգծելով համահայկական միասնության կարևորությունը ստեղծված կործանարար իրավիճակից ելքեր գտնելու հարցում։

Բանախոսներն ընդգծեցին, որ շարժման հիմնական նպատակներն ամբողջանում են պետության և պետականության պահպանման ու զարգացման շուրջ, ինչպես նաև կարևորվեց արտաքին և ներքին անվտանգության ամրապնդմանն ուղղված հավասարակշիռ քաղաքականության հրատապությունը, ազգային միասնության ապահովումը, ի նպաստ Հայաստանի Հանրապետության և Հայկական սփյուռքի համայնքների միջև կապերի ամրապնդման և զարգացման։

Ասուլիսի ընթացքում գեներալ մայոր Արշակ Կարապետյանն ու շարժման համահիմնադիր Գևորգ Գևորգյանն անդրադարձան երկրի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին, այդ մարտահրավերների հաղթահարման մեխանիզմներին և ապազգային, ապապետական իշխանության վարած կործանարար քաղաքականության հետևանքով ստեղծված քաոտիկ իրավիճակից ելքեր գտնելու համահայկական ուղիներին։ Հարցերի մեծ մասը վերաբերում էին երկրի ռազմական վիճակին, շարժման բուն նպատակներին, իրենց առջև դրված խնդիրներին և դրանց լուծմանը։

Գևորգ Գևորգյանը հայտարարեց, որ շուտով «Համահայկական ճակատը» կներկայացնի «Հայաստանի վերականգնման և զարգացման ծրագիր», որտեղ հստակ և ամբողջական կներկայացվեն բոլոր այն տեսլականները, ուղիները որոնցով առաջնորդվելու է շարժումը։

Նատալի Մինասյան, Նարե Խանաղյան

1

Share This