ԱՄՆ-ում աշակերտի՝ Հելոուինին Հիտլերի կերպարով ներկայանալու պատճառով տնօրենը և ուսուցիչը ժամանակավորապես հեռացվել են աշխատանքից
ԱՄՆ Յուտա նահանգի դպրոցներից մեկի տնօրենը և մի ուսուցիչ ժամանակավորապես հեռացվել են աշխատանքից աշակերտի պատճառով, որը Հելոուինի տոնակատարությանը ներկայացել էր Ադոլֆ Հիտլերի կերպարով, գրում է Deseret News-ը:
Սկանդալը սկսվել է այն բանից հետո, երբ տարածվել են լուսանկարները, որտեղ երեխան Հիտլերի կերպարով ողջունում է ազգային փոքրամասնությունների պատկանող երեխաներին:
Յուտա նահանգի հրեաների միավորումը դատապարտել է տեղի ունեցածը և դպրոցին ու ծնողներին կոչ արել այսուհետ խուսափել նման կոստյումներից:
Միջադեպի հետաքննության ընթացքում դպրոցի տնօրենը և ուսուցիչներից մեկը վճարվող արձակուրդ են ուղարկվել: Դևիսի շրջանում, որի տարածքում է գտնվում դպրոցը, հայտարարել են, որ ատելություն քարոզող որևէ խոսք, վարքագիծ կամ կերպար չեն հանդուրժի:
