Ամենաարդյունավետ թեյերը կոկորդի ցավը մեղմելու համար
Կոկորդի ցավը շնչառական համակարգի հիվանդություններին բնորոշ ամենատարածված ախտանշաններից մեկն է, սակայն այն կարող է հանդես գալ նաև որպես առանձին խնդիր: Նման ցավը բավական տհաճ է և խիստ բացասաբար է անդրադառնում կյանքի որակի վրա՝ թույլ չտալով ինչպես հարկն է կատարել անհրաժեշտ գործերը, ուստի զարմանալի չէ, որ առաջին իսկ տհաճ զգացողության դեպքում մարդիկ փորձում են հնարավորինս շուտ ազատվել դրանից:
Կոկորդի ցավի դեմ պայքարում, որպես կանոն, կիրառվում են տարատեսակ դեղամիջոցներ, բուժիչ օշարակներ կամ սառնաշաքարներ, որոնք սակայն ոչ միշտ են բավական արդյունավետ լինում, իսկ երբեմն էլ մի շարք կողմնակի բարդություններ են առաջացնում, քանի որ պարունակում են վնասակար քիմիական տարրեր, սակայն, բարեբախտաբար, նմանատիպ ազդեցությամբ օժտված դեղամիջոցներ կարելի է պատրաստել նաև ինքնուրույն՝ օգտագործելով միայն բնական բաղադրիչներ, որոնք ոչ միայն ավելի արդյունավետ են, այլև շատ ավելի հասանելի են ու անվնաս։
Նման միջոցների շարքին կարող են դասվել բուսական օգտակար թեյերը, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից ամենաարդյունավետները։
Անանուխով թեյ
Կոկորդի ցավը մեղմող հիանալի բնական միջոց է անանուխով թեյը։ Այն պարունակում է մենթոլ կոչվող միացություն, որն օժտված է հակաբորբոքային հատկություններով։
Քաղցրարմատով թեյ
Չնայած, որ այս թեյն առավել հաճախ կիրառվում է ստամոքսի աշխատանքի խանգարումների ու այրոցի դեմ պայքարի համար, իր հակաբակտերիալ ու հակավիրուսային հատկությունների շնորհիվ այն կարող է շատ օգտակար լինել նաև նշաբորբի ու մրսածության դեպքում։
Երիցուկով թեյ
Եթե կոկորդի ցավն ու հազն անհանգստացնում են գիշերվա ժամերին, ապա խնդրի դեմ պայքարի լավագույն տարբերակը կարող է լինել երիցուկով թեյը, որը ոչ միայն կմեղմի ցավը, այլև կօգնի հանգստանալ։ Բացի այդ, երիցուկով թեյը պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք օգնում են օրգանիզմին պայքարել վարակների դեմ։
Կոճապղպեղով թեյ
Կոճապղպեղը ևս հիանալի բնական միջոց է կոկորդի ցավի դեմ պայքարի համար, քանի որ այս մթերքը պարունակում է հակաբորբոքային ազդեցությամբ օժտված մի շարք միացություններ։ Թեյն ավելի համեղ ու օգտակար դարձնելու համար կարելի է դրան մեղր ու դարչին ավելացնել։
Քրքումով թեյ
Այս թեյը կոկորդի ցավի դեմ պայքարի լավագույն միջոցներից մեկն է։ Բանն այն է, որ քրքումն օժտված է հակավիրուսային, հակաբակտերիալ ու հակաբորբոքային հատկություններով, ինչի շնորհիվ մեղմում է կոկորդի ցավն ու ամրապնդում է իմունային համակարգը։
