<<Փաստ>>․ Պետական կառույցների աշխատակիցներին հրահանգված է ակտիվորեն աշխատել ՔՊ-ի օգտին
«Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 12-ին Նիկոլ Փաշինյանը Վանիկ Օհանյանին նշանակեց Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: Շատ իրավաբանների համոզմամբ, այս որոշումը անօրինական էր, քանի որ օրենքի համաձայն, Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների դեպքում գործող քաղաքապետը պետք է պաշտոնավարեր այնքան ժամանակ, մինչև կգումարվեր նորընտիր ավագանու անդրանիկ նիստը:
Շատերի կարծիքով, իշխանությունները նման քայլի գնացել են առաջին հերթին այն պատճառով, որ առավել հեշտ կիրառեն վարչական ռեսուրս, ինչը, ըստ տեղից ստացվող տեղեկությունների, ակտիվորեն կիրառվում է: Մասնավորաբար, «Փաստի» տեղեկություններով, իրավապահ մարմինների և պետական այլ կառույցների աշխատակիցներին հրահանգված է ակտիվորեն աշխատել ՔՊ-ի օգտին, որի ցուցակը գլխավորում է Լոռու գործող մարզպետը: Մյուս կողմից՝ հարվածի տակ են նրանք, ովքեր չեն կատարում այդ հրահանգները, կամ, ասենք, փողոցում բարևում են այլ թեկնածուների, էլ չենք խոսում ֆեյսբուքյան «անցանկալի» լայքերի մասին: Ի դեպ, արդեն իսկ աշխատանքից ազատվել են մի շարք պաշտոնյաներ՝ բացառապես քաղաքական նկատառումներով:
Ի դեպ, քաղաքում շատերին զվարճացնում է այն հանգամանքը, որ նույնիսկ նախկինում իրականացված կամ ընթացքում գտնվող ծրագրերը մարզպետն ու ընդամենը մեկուկես ամիս պաշտոնավարող քաղաքապետի ժ/պ-ն վերագրում են իրենց: Վանաձորի քաղաքապետարանի մեր աղբյուրները հայտնում են, որ պարգևավճարների արատավոր պրակտիկան, որը համայնքապետարանում երբեք չի կիրառվել, մուտք է գործել այստեղ Ամանորյա պարգևատրման անվան տակ, բայց… հենց ընտրությունների շեմին: Զուգահեռ, ըստ տեղեկությունների, աջուձախ պաշտոններ են խոստանում մարդկանց՝ ՔՊ-ի օգտին աշխատելու համար»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։