Տղաներին տարել են առանց պատրաստության, տվել են թուրքին․ գեներալ Անդրանիկ Մակարյանը մեծ սխալ է գործել և հիմա հարցերին չի կարողանում պատասխանել․ անհետ կորածի ծնող

Բոլոր հանդիպումները տեղի են ունեցել մեր նախաձեռնությամբ, մենք մինչև չենք եկել, մեր ձայնը չենք բարձրացրել, մեզ հետ ոչ մեկ չի հանդիպել, որ բացատրություն տա, թե ինչի համար այսպես եղավ, ասաց անհետ կորած զինծառայողի հարազատ Մարիամ Մելոյանը, ով, ի թիվս այլ քաղաքացիների, մասնակցում էր Պաշտպանության նախարարության դիմաց ընթացող հավաքին։

Անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները նշում են, որ արդեն 55 օր է՝ զինծառայողներից տեղեկություն չունեն:

«Հնարավոր է, որ բոլորն են գերի, բոլորին տարել են թշնամու քթի տակ, թշնամին մի մետրի վրա իրենց դիմավորել է, հիմա ուզում ենք դա հասկանանք: Ասացին, որ տարածքների որոնման նախնական տվյալների մեջ, տվյալ տարածքը նշված չի եղել, ասում են, որ այն 90 տոկոս գրավված է եղել: Այդ տարածքների որոնման համար հստակեցում է գնում, տեսնենք մեր տղաների հետևից երբ կարող են գնալ, դեռևս տեղեկություն չունենք»,- Մարիամ Մելոյանը:

Մեկ այլ անհետ կորածի՝ Հարություն Հակոբյանի մայրը, տեղեկացրեց, որ զինծառայողը վերջին անգամ խոսել է կնոջ հետ, ասել է, որ գնում են հանձնարարություն կատարելու, չեմ կարող խոսել: Խոսակցությունից հետո հեռախոսահամարը հասանելի է ցույց տվել, փորձել են կապ հաստատել նրա հետ, սակայն զանգերն անպատասխան են մնացել:Մենք տարբեր ատյանների ենք դիմում, խնդրում ենք, որ պատասխանեն ամեն անգամ ասում են՝ երկու օրից։ Մենք հանդիպեցինք գեներալ Անդրանիկ Մակարյանի հետ, ինքը, գեներալ լինելով, ժողովրդի հարցերին չի կարողանում պատասխանել, ինքը կատարել է մի մեծ սխալ և ամեն անգամ շրջանցում է, որ չպատասխանի մեր հարցերին»,– ասաց նա:

«Մենք ասում ենք, որ մենք հեռուստացույցով տեսել ենք, որ ամսի 18-ին Զանգելանի դպրոցի վրա թուրքի դրոշակ է եղել կախած, դու ո՞նց ես առանց հետախուզման զորք մտցրել այնտեղ և հրաման ես տվել, որ գնան, և երբ հրամանատարն ասել է՝ մենք չունենք զրահաբաճկոն, սաղավարտ և լավ զինված չենք, ո՞նց ենք գնալու, ասել է՝ մենք այդ ամեն ինչը կուղարկենք հետո: Նռնակ անգամ չեն ունեցել, չէ՞ որ պատերազմի ժամանակ նռնակ բոլորը պետք է ունենան, անգամ իրենց պաշտպանության համար»,- նշեց Հարություն Հակոբյանի մայրը:

Հարություն Հակոբյանն ունի երկու անչափահաս երեխա՝ երկու և մեկ տարեկան, եղել է պայմանագրային զինծառայող։

«Հրաման կար, որ պետք է գնային կռվելու, բայց իրենք՝ որպես քիմիկներ, իրավունք չունեին անպատրաստ մասնակցել: Իրենց տարել են առանց պատրաստության, տվել են թուրքին, եկել են շատ հանգիստ ձևով, անգամ երեք հենակետ են անցել, այնտեղ ասել են՝ մի գնացեք թուրքն է այնտեղ: Ես ի՞նչ պատասխան տամ, թոռնիկին, հարցնում է՝ տատիկ կգա՞ պապան, ասում ենք՝ գործի է գնացել, խաբելով օր ենք անցկացնում, շատ ցավոտ է»,– ավելացրեց Հարություն Հակոբյանի մայրը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )