Տիգրան Պետրոսյանը ընդամենը կես միավորով է ետ մնում առաջատարներից. Շախմատի ԱԱ

Վարշավայում մեկնարկած արագ շախմատի աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը Հայաստանի շախմատիստներից առավել հաջող հանդես եկավ Տիգրան Լ. Պետրոսյանը: Մեր գրոսմայստերը 5 հնարավորից վաստակել է 4 միավոր և այժմ բաժանում է 4-16-րդ տեղերը: Նա ընդամենը կես միավորով է ետ մնում մրցաշարի երեք առաջատարներից՝ այդ թվում Մագնուս Կառլսենից:

 

Ի դեպ, աշխարհի գործող չեմպիոնը չկարողացավ հաղթել միայն Սամվել Տեր-Սահակյանին, որը լուրջ դիմադրություն ցույց տվեց և երկարատև պայքարից հետո նորվեգացի շախմատիստին ստիպեց ոչ-ոքի կնքել: Ավաղ, մեր շախմատիստը հետո ցավալի պարտություններ կրեց և ետ մնաց առաջատարներից:

 

Հաջող են մեկնարկել նաև մեր գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը, որոնք դեռևս պարտություն չեն կրել և վաստակած 3,5-ական միավորով կիսում են 17-39-րդ տեղերը: Երեքական միավոր ունեն Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանն ու Մանուէլ Պետրոսյանը: Հայաստանի հավաքականի առաջատար Գաբրիել Սարգսյանը 2,5 միավորով 80-րդ տեղում է, իսկ Սամվել Տեր-Սահակյանը 2 միավորով 107-րդն է:

 

ԱՄՆ ներկայացնող մեր շախմատիստ Լևոն Արոնյանը նույնպես վստահ մեկնարկեց, սակայն հինգերորդ տուրում պարտություն կրեց և վաստակած 3 միավորով նահանջեց 40-րդ հորիզոնական:

 

Այսօր տեղի կունենան 6-9-րդ տուրերի պարտիաները: Մեր շախմատիստներից առավել բարդ հանդիպում ունի Ռոբերտ Հովհաննիսյանը, որը հանդիպելու է ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովի հետ, որը 3-րդ տուրում հաղթել է Սամվել Տեր-Սահակյանին:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )