Տաքսիստը ձերբակալվել է ուղևորի նկատմամբ ավազակային հարձակման կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Վարդենիս քաղաքի բնակչի նկատմամբ կատարված ավազակային հարձակման հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, նախնական տվյալներով՝ 2021թ. դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձն իր «ՎԱԶ 21104» մակնիշի`  որպես տաքսի ծառայություն մատուցող ավտոմեքենայով, Սևան քաղաքի տարածքում առկա գազալցակայանում հանդիպել է Վարդենիս քաղաքի 44-ամյա բնակիչին և, տեղեկանալով Վարդենիս մեկնելու վերջինիս ցանկության մասին, առաջարկել է 5000 ՀՀ դրամի դիմաց  նրան տեղափոխել: «Ճանապարհին մտնել են Սևան քաղաքի հարակից տարածքում գտնվող ռեստորան, որտեղ 44-ամյա տղամարդը 15000 ՀՀ դրամ գումար է տվել վարորդին՝ տաքսի ծառայության մատուցման և սննդի համար։ Ժամը 15։30-ի սահմաններում, հասնելով Դրախտիկ գյուղին հարակից տարածք, նշված տաքսու վարորդը հարձակում է գործել 44-ամյա տղամարդու վրա, վերջինիս մեքենայից քաշելով գցել է գետնին, հարվածներ հասցրել  որովայնին և որպես զենք օգտագործվող առարկան կոկորդին սեղմելով՝ պահանջել գումար և վերցնելով տղամարդու դրամապանակում առկա ամբողջ գումարը՝  դիմել է փախուստի»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում հարուցված քրեական գործով նախաքննություն ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների արդյուքնում ավազակային հարձակում կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 51-ամյա տաքսու վարորդը:  Տղամարդը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )