Վլադիմիր Կարապետյանն իր ցուցմունքում ասում է՝ զրպարտություն է, ուղեղի գալարներով ստուգեք. Գառնիկ Իսագուլյանի փաստաբանը մատնանշում է խախտումները
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, բավարարեց Գառնիկ Իսագուլյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց պաշտպան Աննա Ծառուկյանը՝ հավելելով, որ պատրաստվում է վերաքննիչ բողոք ներկայացնել։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում Գառնիկ Իսագուլյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ սուտ մատնություն կատարելու հատկանիշներով, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով։ Գործը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի նախկին մամուլի խոսնակ, այժմ՝ Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի՝ թուրքական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու մասին արված հայտարարություններին։
Նշենք, որ Արգիշտի Քյարամյանի վերաբերյալ արված հայտարարությունների հիման վրա սուտ մատնության հատկանիշներով հարուցված քրեական գործով Իսագուլյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին և, ըստ վարույթ իրականացնող մարմնի, Իսագուլյանը, կատարելով նույնասեռ ենթադրյալ արարքը (սուտ մատնությունը), խախտել է խափանման միջոցի պայմանը, ինչն էլ որպես հիմք մատնանշվել է կալանավորման միջնորդության մեջ։
Պաշտպան Աննա Ծառուկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ Իսագուլյանին մեղսագրվում է սուտ մատնությունը, մինչդեռ Իսագուլյանը չէր կարող ունենալ դիտավորություն՝ գիտակցելու, որ իր հայտնած տեղեկությունները կեղծ է, որովհետև դեռևս նախորդ տարվանից լրատվամիջոցներում շրջանառվել են լուրերը, որոնք չեն հերքվել, հետևաբար, օրենքի ուժով դրանք փաստեր են եղել, որոնց հիման վրա արվել են հայտարարություններ, հանցագործության մաիսն հաղորդում չի ներկայացրել։
«Վլադիմիր Կարապետյանը դիմում է գրում Քյարամյանին՝ պահանջելով, որ պարզեն՝ ինքը գործակալ է, թե ոչ և շեշտում է՝ զրպարտությունն անհետևանք մի թողեք, տվեք քրեաիրավական գնահատական։ Չգիտես ինչու Քյարամյանին ուղղված դիմումը քննում է ԱԱԾ-ն»,- տեղեկացրեց փաստաբանը՝ հավելելով, որ ԱԱԾ-ում նյութեր են նախապատրաստվել, որի շրջանակներում Իսագուլյանը հրավիրվել էր բացատրություն տալու, Իսագուլյանը հրաժարվել է բացատրություն տալուց, բացի այդ՝ օպերատիվ հետախուզական միջոցառումներով տվյալներ ձեռք չեն բերվել, ինչն էլ բավարար է համարվել՝ քրեական գործի հարուցումը մերժելու և սուտ մատնության հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին։
Ընդ որում, թեև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, սուտ մատնության հատկանիշներով հարուցված քրեական գործը պետք է քննի այն մարմնում, որտեղ հարուցվել է, այս դեպքում՝ ԱԱԾ-ում, սակայն քրեական գործը, առանց դատախազի ցուցումի, ուղարկվել է ՔԿ, որտեղ և ձերբակալման որոշում է կայացվել։
Կալանավորման միջնորդության քննության ընթացքում ուսումնասիրվել են նաև ասուլիսի տեսաձայնագրությունները, ինչպես նաև՝ Վլադիմիր Կարապետյանի՝ հեռահար ցուցմունքը, որը, ինչպես տեղեկացրեց փաստաբանը, դեռևս չի ստորագրվել Կարապետյանի կողմից, դեռևս տեսանյութի մակարդակ ունի։ Ինչ վերաբերում է կալանավորման հիմքերին, որի համաձայն՝ խախտվել է խափանման միջոցի պայմանը, Ծառուկյանը հիշեցրեց, որ Իսագուլյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը, քանի որ դատարաններն արձանագրել էին հիմնավոր կասկածի բացակայությունը և ստացվում է, որ, եթե հիմնավոր կասկածների մակարդակ չունեն այն դրվագները, ապա ինչ նոր հանցանքի մեջ մեղադրվելու հիմք կարող է առաջանալ։
«Դա անմեղության կանխավարկածի խախտում է։ Բացի այդ՝ չհեռանալու մասին ստորագրությունը խափանման միջոցը ունի մեկ նպատակ՝ մարդը փախուստ չկատարի։ Դրա ինչ խախտման մասին է խոսքը »,- նշեց Ծառուկյանը՝ հավելելով, որ կալանավայրում անձը ևս կարող է սուտ մատնություններ կատարել, հաղորդում ներկայացնել, հետևաբար, կալանքի հասկացողությունը չի փաստվում, այդ հարցը դատարանը ևս բարձրացրել է։
Բացի այդ՝ փաստաբանը դատական նիստի ընթացքում բարձրացրել է նաև այն հանգամանքը, որ դատարանն օրենքի հիման վրա ստեղծված չէ, քանի որ փաստացի քննվում է զրպարտության գործ, «Վլադիմիր Կարապետյանն իր դիմումով, ցուցմունքում ասում է՝ զրպարտություն է, ուղեղի գալարներով ստուգեք։ Այսինքն՝ մենք հիմա քաղաքացիաիրավական վեճի ենք ականատես, բայց՝ քրեական դատարանում»։