Նոր տարվա գիշերը Լեհաստանում պարետային ժամ կսահմանվի. կփակվեն հյուրանոցները, լեռնադահուկային մայրուղիներն ու առևտրի կենտրոնները

Լեհաստանի իշխանությունները որոշել են խստացնել կարանտինային միջոցառումները՝ ելնելով երկրում ստեղծված բարդ համաճարակաբանական իրավիճակից: Այս մասին գրում է Reuters-ը:

Այս առնչությամբ Լեհաստանի առողջապահության նախարար Ադամ Նիեձելսկին պարզաբանել է, որ հանրապետության ողջ տարածքում պարետային ժամ է մտցվելու դեկտեմբերի 31-ի ժամը 21:00-ից մինչ հունվարի 1-ի ժամը 6:00-ն:

Բացի այդ, դեկտեմբերի 28-ից հունվարի 17-ը խստացվելու է համապետական կարանտինը, որի ժամանակ իշխանությունները կփակեն հյուրանոցները, լեռնադահուկային մայրուղիներն, ինչպես նաև առևտրի կենտրոնները:

Նախարարը շեշտել է, որ ելնելով նման որոշում կայացնելու անհրաժեշտությունից, կառավարությունը ձեռնարկատերերին որպես աջակցություն, ընդհանուր առմամբ, մոտ 40 միլիարդ լեհական զլոտի (շուրջ 11 042 000 000 ԱՄՆ դոլար) կտրամադրի:

Նշենք՝ Լեհաստանի առողջապահական համակարգը պայքարել է կորոնավիրուսային համավարակի երկրորդ ալիքի դեմ, բայց այն չի տվել լավագույն արդյունքը: Օրական դեպքերի թիվը կազմել է ավելի քան 27 000:

Նիեձիելսկին նախազգուշացրել է նոր տարում համավարակի երրորդ ալիքի մասին և լեհերին կոչ է արել զգոն մնալ վերջին այն լուրերի ֆոնին, որ այս ամիս կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին դեղաչափերը կարող են հասնել Լեհաստան:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )