Մխիթարական է Հանրապետության հրապարակում բեմադրված <<հանրահավաքի>> մասնակիցների խիստ սակավաթվությունը՝ ի հեճուկս իշխանական բոլոր ջանքերին. Ռուբեն Մելիքյան

Մխիթարական է Հանրապետության հրապարակում բեմադրված «հանրահավաքի» մասնակիցների խիստ սակավաթվությունը՝ ի հեճուկս իշխանական բոլոր ջանքերին, ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Հանրապետության հրապարակում բեմադրված «հանրահավաքի» մասնակիցների արտահայտած մտքերից ու այդ մարդկանց մակարդակից կաթվածահար լինող սիրելի՛ եղբայրներ և քույրեր, իմացած եղեք, որ այդ մարդկանց մոտեցումները որոշակի տարածում ունեն բացառապես երիտհայերի շրջանում։

Ընդ որում, անգամ երիտհայերի մի ստվար մասը դժվար թե կիսի, օրինակ, «Շուշին հայերի համար ոչ մի արժեք չունի» թեզը։

Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, հիշեք, որ բոլոր հասարակություններում էլ ապազգային ու նույնիսկ հակազգային տարրեր կան, եղել են ու կլինեն։ Մեր միակ առանձնահատկությունն այն է, որ այդ կարգի մարդկանց միայն մեզ մոտ են իրար գլուխ հավաքում ու օգտագործում ի աջակցություն աթոռ զբաղեցնող քաղաքական ուժի։

Ի դեպ, մխիթարական է այդպիսի մարդկանց խիստ սակավաթվությունը՝ ի հեճուկս իշխանական բոլոր ջանքերին»,- գրել է Մելիքյանը։

Նոյեմբերի 18-ի երեկոյան կառավարության դիմաց հավաքվել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակիցները: Նրանց թվում էին զինվորական համազգեստ կրող անձինք, որոնք, ներկայանալով որպես առաջնագծից վերադարձածներ, պնդում էին, որ Փաշինյանը զինադադարի և Արցախի մի քանի շրջան Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ փաստաթուղթ ստորագրել է զինվորների կյանքեր փրկելու համար, պնդում էին, որ «Շուշին հայերի համար անարժեք բան է, արդյո՞ք արժեր Շուշիի համար թեկուզ մեկ զինվորի կյանքի հետևից ընկնել»:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )