Կեղծ Սահմանադրական դատարանի ճգնաժամի պատրվակով գնում ենք իրական ճգնաժամի՞. Շաքե Իսայանը՝ Ռուստամ Բադասյանին

Ազգային ժողովում քննարկվում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին հարցը: Նախագծով առաջարկվում է, որ ՍԴ դատավորները մինչև թոշակի տարիքի հասնելը կարող են ստանալ կենսաթոշակ՝ հրաժարական ներկայացնելու օրվա դրությամբ հաշվարկված աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի հանրագումարի) և այդ գումարից հաշվարկված եկամտային հարկի տարբերության չափով:

Հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանը հետաքրքրվեց՝ կամավոր թոշակի անցնելու այս ինստիտուտը արդյոք չի՞ խաթարում պետության կողմից տրամադրվող կենսաթոշակի ինստիտուտի էությունը:
Նախարարն արձագանքեց, որ արդեն գործող Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի կարգավորման համաձայն՝ կամավոր վաղ կենսաթոշակի ինստիտուտ նախատեսված է, նաև ուսումնասիրել են միջազգային փորձը:

Պատգամավորը նկատեց՝ միշտ ասվում է, որ այս գործընթացը կամավոր է, այլ ոչ թե պարտադիր, և հարցրեց՝ եթե հիմքը դրվում է կամավորության սկզբունքը, այդ դեպքում պետությունն ի՞նչ առաջնահերթություն ունի, ի՞նչ խնդիր է լուծում այս հարցով:
«Այստեղ երկու խնդիր ունենք. մեկը, ինչպես նշեցի, միջազգային փորձն է, որը ցույց է տալիս՝ պարտադիր վաղ կենսաթոշակի անցնելու ինստիտուտը չի համարվում ընդունելի տարբերակ, հետևաբար ընդունել ենք կամավոր: Այն խնդիրը, որը լուծում է պետությունը, հիմնավորումներում նշված է՝ Սահմանադրության 2015 թվականի փոփոխություններով նախատեսված նոր մոդելի Սահմանադրական դատարան ունենալու խնդրի լուծումը»,- պատասխանեց Բադասյանը:
Շաքե Իսայանն էլ նշեց՝ եթե ՍԴ 7 դատավոր միաժամանակ վաղաժամ անցնում են թոշակի, ստեղծվում է մի վիճակ, որ ՍԴ-ն պարալիզացվում է ու սրանով ունենում ենք ՍԴ-ում իրական ճգնաժամ: «Կեղծ Սահմանադրական դատարանի ճգնաժամի պատրվակով գնում ենք իրական ճգնաժամի՞, սա՞ է ճանապարհը, որով ուզում ենք գնալ»,- հարցրեց պատգամավորը:
Բադասյանը պատասխանեց, որ չի կիսում պատգամավորի կարծիքը, թե ՍԴ շուրջ կա կեղծ ճգնաժամ: Ըստ նրա՝ շատ իրական է ճգնաժամը: «Յոթ դատավորի միաժամանակ թոշակի գնալու դեպքում այսպիսի կարգավորում ենք նախատեսել. եթե վաղ կենսաթոշակի նպատակով հրաժարական է ներկայացրել ՍԴ-ի՝ ավելի քան երեք դատավոր, ապա ՍԴ դատավորի թափուր տեղի համար ընտրությունն անցկացվում է սահմանված ՍԴ դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրումներ կատարելու համար օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո 15 օրյա ժամկետում»,- ասաց նա:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )