Երկրաշարժը նաեւ մեր հոգիներում եղավ
Երկրաշարժը նաեւ մեր հոգիներում եղավ։ Երբ երկրի շերտը ցնցվեց , մենք հասկացանք, որ սա միայն հողեղեն ցնցում չէ, սա մեր հոգիների, մեր կյանքի, մեր երիտասարադ նպատակների, մեր սիրո, ընկերության, մեր կարոտների ցնցումն է , որի վերքերը ցայսօր զգում ենք բոլորս՝Գյումրի, Սպիտակ, Վանաձոր, գյուղեր, նրանցում կան մինչ այսօր ապրող- չապրող, արտերկրներւմ ծվարած մարդիկ, բոլորս․․Այդ ցնցումը մեզ 88-ի դեկտեմբերի 7-ից գցեց մի հրաբուխի լավայի մեջ, որից դեռ դուրս չենք եկել, այո, վերքերը կոշտացել են, տներ ու փողոցներ վերակառուցվել, երեխաները մեծացել են, դպրոցները կառուցվել են, կամ՝ ոչ այնքան, տնակ-վագոնները դեռ տեղ-տեղ կան, էպիկենտրոնում կան մարդիկ, որ հաշմանդամ մնացին, ձեռք ու ոտք կորցնելով,բայց մենք բոլորս մեր հոգիներում մնացինք սպիավոր, մեր սպիները ուղեկցելու են մեզ մինչեւ գերեզման, ամոթը, ընկերների կորուստը, մանուկների օգնություն աղերսող ձայները․․․Ովքեր դա տեսել ու զգացել են կմնան որպես այդ երկրաշարժի զոհեր․․․․․Այո, հառնեցինք, այո մենք կրակներից հառնող ժողովուրդ ենք,այո, մենք անգամ հաշմվված առողջ ենք ու ուժեղ, այո, մեզ կոտրել չի լինի, մեզ չկոտրեց անգամ երկրի ցնցումը․․․Բայց՝ ինչո՞ւ, տեր աստված, ինչո՞ւ պիտի մենք ամեն անգամ քեզ եւ աշխարհին ապացուցենք մեր դիմացկությունը, մինչեւ ե՞րբ, չի՞ լինի, մենք այլեւս չցնցվենք, երկրագնդի մեր մասի կեղեւը ամուր լինի, մեր հոգիներում չլինեն երկրաշարժեր, իսկ ինչո՞ւ չի լինի, հը՞․․․․ Ամեն այս օրը նորից եւ միշտ հիշում եմ Երեւանի Մուրացանի հիվանդանոցում պառկած վիրավոր երեխաներին, նրանց կտրած եւ ոչնչացած թեւիկներն ու ոտքերը, իրենց երեխաներին ոռնոցով փնտրող հայրերին, մայրերին, հիշում եմ այն մարդկանց, ովքեր Գյումրու փողոցներում, արդեն դեկտեմբերի կեսերին, բռնում էին ձեռքերս գգվում էին , որ տաքանան, ում հետ մայթին, Շիրակ հյուրանոցի փլատակերի տակ, ճքճքան ցրտին նստում էինք ու ոռնում , հետո իրենք էին ինձ հանգստացնում, ասում էին, վեր կաց, կմրսես․․Հասկանո՞ւմ ես, տեր աստված, իրենք՝ որդեկորույս, ծնող կորցրած, տուն կորցրած, ամեն-ամեն ինչ կորցրած մարդիկ ․․Իրենք էին ինձ՝ Երեւանից գնացած եւ իրենց հետ մայթին նստած ու ոռնացող լրագրողիս ,իրենք էին հանգստացնում․․․Հետո , Նալբանդ գյուղում, որը միայն անունով էր գյուղ, տեղում փլատակեր էին , շներ, որ վախից դեռ դեսուդեն էին վազում , նաեւ մարդիկ, որ քարերն էին շուռումուռ տալիս, քարերն էին գրկում եւ այլեւս ձայն չունեին, որ լաց լինեն, ձայն չունեին, ոչինչ չունեին․․․․Ես ձեր ցավը չկարողացա կիսել, իմ հարազատ գյումրեցիններ, Սպիտակի օր-օրի մեծացող գերեզմանատանը մի կին մեխվեց հիշողությանս մեջ եւ ամեն այս օրը գալիս էր մի տեսակ տարօրինակ ժպիտով, ձեռքերը կրծքին, այնպես , երբ երեխա են գրկում, գալիս էր եւ գոռում, որ ինքը չորս երեխա ունի, չորս եւ չորս այնպես էր շեշտում, որ մինչ այսօր սարսռում եմ այդ ձայնից․․․․․Հիմա բոլորս ցավ ենք ապրում, բոլորս կսկծում ենք, դեմքի ողբերգական արտահայտությամբ, բայց ՑԱՎԸ մեզ դեռ չի լքել, մեզ չի լքելու երբեք․․ Մեր հոգեկերտվածքն է այսպիսին, ՑԱՎԸ բռնում են ք ու բաց չենք թողնում, ուրիշը կասի, թե ՑԱՎՆ է մեզ բռնել, ես համաձայն չեմ, մենք մեզ ավելի շատ ՑԱՎԻ մեջ ենք սիրում․․Տեսնես ինչ եղան այն պուճուրներ, որոնց ամեն օր ես այցելում էի Մուրացանի մանկական հիվանդանոցում, որոնք ոտքեր, ու ձեռքեր չունեին, ծնող չունեին, ոչինչ չունեին․․ՏԵսնես ինչ եղան այն հայրերը, որ իրենց զավակներին էին փնտրում ու չէին գտնում․․․․ Մեր հոգիների երկրաշարժը երբեք մեզ չի լքելու, երբե՞ք չի լքելու․․․․․Երկրաշարժի անմեղ զոհեր, մխիթարվե՞մ գոնե այն հույսով, որ ձեր հոգիները հիմա լույսերի մեջ են․․․․․