Երկուսուկես տարի իրավական համակարգը դարձել էր Նիկոլ Փաշինյանի գրպանի գործիքը. Էլինար Վարդանյան

Երկուսուկես տարի մենք առնչվել ենք այն բոլոր աղետներին, որոնք մեզ բերեցին և մեզ  հասցրին այսօրվան: Երկուսուկես տարի առնչվել ենք նրան, որ իրավական համակարգը դարձել էր Նիկոլ Փաշինյանի գրպանի գործիքը, ՀՔԾ-ն, Դատախազությունը դարձել էր չարիք, մարդկանց վախեցնում էինք ՀՔԾ-ներով ու բանտերով:

Այս մասին այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ Հանրապետության հրապարակում ասաց «Այլընտրանքային նախագծեր խմբի»  անդամ Էլինար Վարդանյանը:Նա նշեց, որ այդ աղետները տեղի են ունեցել միջազգային հանրության աչքի առաջ, նույն կերպ եղավ նաև պատերազմի դեպքում, երբ միջազգային հանրությունը լուռ հետևում էր, թե ինչպես է Ադրբեջանը վարձկաններով ասպատակում Հայաստանը:

«Երկուսուկես տարվա ընթացքում Փաշինյանն ստեղծել էր մի համակարգ, որն այսօր պետք է պաշտպաներ իրեն, ցավոք, պաշտպանում են, և ամեն օր տեղի ունեցող ձերբակալությունները դրա վկայություններն են, Փաշինյանը չի հանգստանում, նա նոր ձերբակալումների միջոցով օգտագործում է այն համակարգը, որն իր համար կամակատար է դարձրել»,-ասաց նա:

Էլինար Վարդանյանը խոսքն ուղղեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ ասելով, որ շատերը տեղյակ չեն եղել, թե ինչեր է արել Փաշինյանը, ինչ բանակցություններ է վարել, երկիրը հանձնել, ուստի, ըստ նրա, քայլեր ձեռնարկելու հերթն այդ պատգամավորներինն է, և նրանք պետք է  դուրս գան խմբակցությունից ու պահանջեն Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )