Դեկտեմբեր ամսին Ազգային ժողովի 4 – անգամյա պարգևատրությունն էր պաշտպանում․․․
Երեկ ՊՎԾ աշխատողներից մեկի հետ էի զրուցում։ Խոսում էի, որ միայն դեկտեմբեր ամսին Ազգային ժողովի պատգամավորները՝ խոսնակ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, աշխատակազմի պետական ծառայողները, աշխատակազմի մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են աշխատավարձի 100%-ի չափով՝ 2 անգամ, 30%-ի և 20%-ի չափով մեկ անգամ:
-Բայց ինչու՞ միայն Ազգային ժողովում,- ՊՎԾ աշխատողը փորձեց արդարացնել նրանց, բոլորն էլ ստացել են, Ազգային ժողովի անունն է դուրս եկել։
Առաջին պահին չկարողացա ծիծաղս զսպել, բայց հետո ինքս ինձ նախատեցի՝ «հազիվ ես գտել», լրջացիր ու լուրջ հայացքով լսիր։ Հա դե,- ասացի,- Ազգային ժողովի անունն է դուրս եկել։
Զրուցակցիս դեմքին Ազգային ժողովը պաշտպանելու մի այնպեսի ինքնազոհ արտահայտություն տեսա, որ ինքս ինձ մտածեցի, որ սա իրեն էլ կրակը կտա, միայն թե թիմակիցներին պաշտպանի։ Ու ճիշտ էի․
-Մենք էլ դեկտեմբերին մի քանի անգամ ենք պարգևատրվել,- մեկը չստացած, էն մյուսն էր գալիս։ Կամ ինչու՞ միայն մենք։ Բոլոր տեղերն էլ ստացել են, բոլոր տեղերն էլ ընկերներ ունեմ, խոսում ենք։ Նոր տարի է, բա չպարգևատրվե՞նք, հեղափոխություն ենք արել․․․
Հետո էլ թե՝ դու որտե՞ղ էիր աշխատում․․․
«Բարեկենդանը» հիշեցի․
-Բարեկենդանը դու հո չե՞ս։
Անցվորականը նկատում է, որ սրա ծալը պակաս է, ասում է՝ հա՛ ասեմ, տեսնեմ ինչ է դուրս գալի։
-Հա, ես եմ Բարեկենդանը, ի՞նչ ես ասում։
Հիմա ես Բարեկենդանի դերում էի՝ իմ եղն ու բրինձը առա ու․․․ հայդե։