ԱՅՍՕՐ ԻՆՉ-ԻՆՉ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ ՄԱՐԴԿԱՆՑ ԴԵՄ ՀԱՆԵԼ ԵԿԵՂԵՑՈՒՆ՝ ԴԱ ՃԻՇՏ ՉԻ

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մի խումբ բնակիչներ արգելել էին հոգևոր հովիվ Սիմոն քահանա Տեր-Մկրտչյանին մտնել եկեղեցի՝ փակելով եկեղեցու դուռը: Քահանան նույն իրավիճակին է հանդիպել Վերին եւ Ներքին Գետաշեն համայնքներում: Գյուղացիները այս քայլով փորձում են վրեժ լուծել, Սիմոն քահանա Տեր-Մկրտչյանից, ով մասնակցել է ընդդիմության կազմակերպված երթին:

Նշենք, որ Սիմոն քահանա Տեր-Մկրտչյանը 15 տարի է, ինչ Մարտունու, Վերին եւ Ներքին Գետաշենի համայնքների հոգեւոր հովիվն է: Վերին Գետաշեն համայնքում է բնակվում:

«Ես չեմ կարող ասել, թե ո՞ւմ կողմից եւ ինչո՞ւ է կազմակերպել այս արշավը եկեղեցու դեմ: Պատերազմի այս 44 օրերին եկեղեցում չեն դադարել աղոթքները: Անդադար աղոթել ենք մեր զինվորներ համար, պատարագ մատուցել եւ ժամերգության արել: Իսկ այսօր, չէի ասի, ողջ գյուղի բնակիչները, բայց որոշ մասսա, համոզված եմ, այն մարդիկ, որ իրենց կյանքի մեջ մեկ անգամ եկեղեցի չեն մտել, եկել են ու փակում են եկեղեցու դուռը: Եկեղեցին կարող է փակել համայնքի ղեկավարն ու ավագանին: Ես փորձեցի խոսել գյուղացիների հետ, ասելով, որ պետք չի եկեղեցու դուռը փակել, թող աստծո լույսը չմարի», – մեր հետ զրույցում ասաց հոգևոր հովիվ Սիմոն քահանա Տեր-Մկրտչյանը:

– Գյուղացիները նշում էին, որ դուք մասնակցել եք ընդդիմության երթին, եւ այդ երթին մասնակցած անձը իրավունք չունի իրենց գյուղի եկեղեցի մտնել:

– Շատ եմ ցավում, որ մարդկանց բաժանել են սեւերի ու սպիտակների, եւ չգիտեմ ինչերի: Այսպես շարունակելով մենք կործանման կգնանք: Հիմա մեզ ավելի շատ հոգեւոր արժեքներ ենք պետք: Մենք բոլորս ենք մեղավոր այսօրվա համար: Այսօր ինչ-ինչ պատճառներով մարդկանց դեմ հանել եկեղեցուն՝ դա  ճիշտ չի: Չէ որ մենք առաջինն ենք ընդունել քրիտոնեությունը: Մենք պետք է ամուր պահենք մեր հավատքը: Տրդատ թագավորն էլ Գրիգոր Լուսավորիչին բանտը գցեց: Տարիներ հետո միասին հզոր երկիր կառուցեցին: Հիմա ոչ թե պետք է մասնատվենք, այլ մի բռունց դառնանք, որ այս օրերին կարողանանք դիմակայել: Շատ եմ ցավում, եւ իմ աղոթքներումս խնդրում եմ ազգիս համար միասնություն:

– Ներքին Գետաշենի համայնքի ղեկավարը մասնակցո՞ւմ էր այդ ակցիային:

– Ներքին Գետաշենում եւ Վերին Գետաշենում գյուղացիները հավաքվել էին ու չէին թողնում, որ եկեղեցի մտնեի: Վերին Գետաշենում համայնքի ղեկավարը խոսեց գյուղացիների հետ, եւ հանդարտացրեց: Ես գնալու եմ եկեղեցի եւ շարունակելու եմ ծիսկատարությունները: Իսկ Ներքին Գետաշենում որոշ գյուղացիների կողմից իմ նկատմամբ արշավը անհասկանալի էր: Այդ օրը համայնքի ղեկավարին չեմ տեսել:

– Իսկ ո՞վքեր են կանգնած այդ գյուղացիների հետեւում, ովքեր փորձում են սադրել այս իրավիճակը:

– Տարիներ շարունակ եկեղեցու դուռը չի փակվել: Ես չգիտեմ, թե ովքեր են կանգնած այդ մարդկանց կողքին, բայց այն մասսան, որ հավաքվել էր, եւ ինձ թույլ չէր տալիս եկեղեցի մտնեի, շատ ցածր խավի մարդիկ էին:

– Սիսիանի եկեղեցու տեղի ունեցած միջադեպի մասին ի՞նչ կասեք:

– Ինչ կարող եմ ասել, եկեղեցու դուռը բաց է ցանկացած մարդու համար: Ես այնտեղ չտեսա, որ քահանան դուրս հանեց վարչապետին: Մենք եկեղեցականերս միշտ աղոքում ենք մեր երկիրի իշխանությունների համար, որ այն որոշումները, որ կայացնում է իշխանությունը, թող իմաստությամբ կայացնի:

Վերին Գետաշեն համայնքի ղեկավար Տիգրան Մուրադյանը մեզ հետ զրույցում ասաց, որ փորձել է հանդարտեցնել կրքերը, որ բողոքի ալիք չբարձրանա. «Միանշանակ միջամտել եմ, ու բողոքի ալիքը չի հասել եկեղեցի: Դա եղել է գյուղապետարանի մոտ, ու տեղում էլ մարվել:   Գյուղացիները  հավաքվել էին գյուղապետարանի մոտ, արտառոց որեւէ բան չի եղել: Ես անձամբ իջել եմ, զրուցել եմ բնակիչների հետ, քահանան ներկա չի եղել, ու այդքանով սահմանափակվել է: Խնդիրը նրանում է, որ գյուղացիները չեն ուզում, որ հոգեւորականը խառնվի քաղաքականությանը: Մեր համայնքում հանգիստ է ամեն բան, իսկ Սիմոն քահանա Տեր-Մկրտչյանը կշարունակի ծառայել եկեղեցուն»:

Փորձեցինք իմանալ, թե ինպիսի՞ն է մթնոլորտը Ներքին Գետաշեն համայնքում, սակայն համայնքի ղեկավար Կարո Գևորգյանը ասաց, որ չի կարող մեր հարցերին պատասխանել, քանի որ իրեն հարազատ մարդ է մահացել եւ նա քննչականում է:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )