Ամանորը չքաղաքականացնել․․․
Առաջ մեզ չէին հրավիրում, բայց շատերն էին առանց հրավերի գնում, Ամանորը դիմավորում Հրապարակում։ Ոչ ոք չէր ասում՝ ուղիղ ժամը 12։00-ին այնտեղ կլինեք։ Մարդիկ իրենց օջախում նշում էին Ամանորը, շնորհավորում միմյանց, հետո ասում՝ չգնա՞նք մի հատ Հրապարակի տոնածառը տեսնենք։
Ամանորը տոն էր։ Հրապարակը մայրաքաղաքի սիրտն էր, տոնածառն էլ բոլորինս էր, որ մեզ միավորում էր։ Գնում, ուրախանում էինք։ Եթե այդ գիշերը չէինք հասցնում, հաջորդ օրն էինք գնում։ Մեր տոնն էր, մենք էինք որոշում՝ երբ գնալ։
Հիմա Ամանորը փոխվել է։ Վարչապետը հրավիրում է՝ եկե՜ք․․․ Կուզեի ոչ մեկը իրար չխառնվեր, չասեր՝ հրապարակ են լցնում, մարդկանց ավտոբուսներով բերում են, որ ցույց տան, թե իրենց ռեյտինգը բարձր է և ․․․ նմանատիպ բաներ։ Ոչ էլ հրավիրող կողմը մտածեր, որ եթե հրապարակը լցվում է՝ եկել են վարչապետին սատարելու կամ դա օգտագործեր քաղաքական շարժառիթներով։ Այդ տոնածառի, տոնակատարության ծախսերի համար համար ոչ մի ղեկավար՝ ոչ նախկին, ոչ այսօրվա, ձեռքը սեփական գրպանը չի տարել ու գնումներ կատարել, պետական գրպանն է տարել, որը բոլորինն է, ուստի նման առիթները պետք է ծառայեն միավորելու, ոչ թե քաղաքական շահարկումներով ազգը կրկին ու կրկին սև ու սպիտակի բաժանելու, պառակտելու համար։ Եթե պիտի տոնի մասնակիցները դիտարկվեն որպես Նիկոլ Փաշինյանին սատարողներ, ուրեմն դա տոն չէ։ Իսկ Ամանորը հայի ամենասիրած, ավանդական տոնն է և պետք է որպես տոն ծառայի։ Ամանորը չքաղաքականացնե՜լ։ Ամանորը հայոց դիցաբանության մեջ պտղաբերության, բերքը պահպանող աստվածն է։ Տոնը իմաստավորենք։