Honda-ի առաջին հիբրիդի թողարկումից 25 տարի անց ընկերության վաճառքի ծավալի 25%-ը բաժին է ընկնում հիբրիդներին
21-րդ դարի սկիզբը կարևոր ժամանակաշրջան է դարձել Honda ապրանքանիշի համար, գրում է Jalopnik հանդեսը։
Ճապոնական ավտոարտադրողը շուկա է հանել վառելիքի խնայողությամբ և աերոդինամիկորեն եզակի Insight coupe կուպեով իր առաջին հիբրիդը, որը միաժամանակ դարձել է ԱՄՆ-ում վաճառված առաջին հիբրիդը:
Առաջին սերնդի Insight-ը շարունակում է մնալ շուկայում երբևէ եղած վառելիքի խնայողությամբ ավտոմեքենան՝ մայրուղու վրա 70 մղոնում ծախսելով 1 գալոն (4,5 լիտր) վառելիք: Այժմ, 25 տարի անց, Honda-ն տոնում է ևս մեկ կարևոր ուղենիշ և իր հիբրիդային ժառանգությունը:
Ընկերությունը հայտարարել է, որ հիբրիդները ներկայում կազմում են ընդհանուր վաճառքի ծավալի 25 տոկոսը: Զարմանալի չէ, որ Honda-ն հասել է այդքան շատ հիբրիդային արտադրանքի վաճառքի, քանի որ նրա Accord, Civic և CR-V հիբրիդները շուկայում ամենահայտնի մոդելներից են: Միայն նոյեմբերին Honda-ն դրանցից ավելի քան 38 հազար նմուշօրինակ է վաճառել: Honda-ի ավտոմոբիլային վաճառքի փոխնախագահ Ջեսիկա Լաուդերմիլքը հայտարարել է, որ միջոցառումը ավտոարտադրողի՝ մինչև 2050 թվականը զուտ զրոյական արտանետումների նպատակին հասնելու ճանապարհին կարևոր քայլ է:
Honda-ին երկար ժամանակ է պահանջվել այս հանգրվանին հասնելու համար: Օրիգինալ Insight-ի դեբյուտից ի վեր, Honda-ն տարիների ընթացքում բազմաթիվ այլ հիբրիդային մոդելներ է թողարկել, դրանց թվում՝ Insight-ի ևս երկու սերունդ՝ CR-Z-ն և Clarity Plug-In Hybrid-ը: Ի լրումն վերջերս ներկայացված հիանալի Civic Hybrid-ի և վառելիքի բջիջների CR-V-ի, Honda ընկերությունում նախատեսում են 2026 թվականին շարքում ներկայացնել երկրորդ էլեկտրական ավտոմեքենան: Այս նոր մոդելը կցուցադրվի CES-ում (Consumer Electronics Show)՝ Լաս Վեգասում սովորաբար հունվարին անցկացվող կենցաղային էլեկտրոնիկայի միջազգային ամենամյա ցուցահանդեսում՝ իբրև Honda 0 Series հայտնի կոնցեպտ:
