FCAS-ի շուրջ Ֆրանսիայի հետ վեճի ֆոնին Գերմանիան մտադիր է ևս 15 F-35 կործանիչ գնել

Գերմանիայի կառավարությունը մտադիր է 35-ից 50-ի հասցնել ամերիկյան F-35 կործանիչների պատվերի թիվը։ Այս մասին հայտնում է POLITICO-ն՝ հղում անելով Բեռլինի և Վաշինգտոնի միջև բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրներին։ Գործարքի մասին պաշտոնապես դեռևս չի հայտարարվել։

Լրացուցիչ գնման քննարկումն ընթանում է Գերմանիայի և Ֆրանսիայի միջև եվրոպական առաջատար նախագծի՝ Future Combat Air System (FCAS) հաջորդ սերնդի կործանիչ համակարգի շուրջ աճող լարվածության ֆոնին։ Փարիզը պնդում է, որ ֆրանսիական արտադրողները ստանան առանցքային պայմանագրերի մինչև 80%-ը, ինչը դժգոհություն է առաջացնում Բեռլինում։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հաստատել է, որ FCAS կոնսորցիումի կազմի վերաբերյալ վերջնական որոշումը պետք է կայացվի «առաջիկա ամիսներին»։ Միևնույն ժամանակ, Գերմանիան ակտիվ դիտարկում է մարտական մեքենաների պակասը փորձված ամերիկյան հարթակի հաշվին լրացնելու տարբերակը։

Առաջին 35 F-35-ները Բեռլինը որոշել էր գնել դեռևս 2022 թվականին՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումը սկսվելուց հետո։ 15 մեքենայից բաղկացած նոր խմբաքանակը Գերմանիային թույլ կտա ավելի արագ լրացնել ինքնաթիռների պակասը և պահպանել ՆԱՏՕ-ի միջուկային բաղադրիչը. F-35-ն ունակ է կրել ԳՖՀ տարածքում տեղակայված ամերիկյան միջուկային զենքը։

Համեմատության համար նշենք, որ FCAS ծրագիրը գտնվում է մշակման վաղ փուլում. առաջին ցուցադրական թռիչքը սպասվում է ոչ շուտ, քան 2028-2029 թվականներին։

Հատկանշական է, որ ավելի վաղ Մերցը բազմիցս հայտարարել էր եվրոպական պաշտպանության ամրապնդման և ԱՄՆ-ից կախվածության նվազեցման առաջնահերթության մասին։ Սակայն F-35-ի լրացուցիչ խմբաքանակի գնման ծրագրերը ցույց են տալիս Բեռլինի պրագմատիկ շրջադարձը հօգուտ ամերիկյան սպառազինության՝ առնվազն կարճաժամկետ հեռանկարում։

Ակնկալվում է, որ FCAS-ի թեման և եվրոպական ռազմական համագործակցության ընդհանուր ռազմավարությունը կքննարկվեն այս ամիս Բեռլինում կայանալիք կանցլեր Մերցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպմանը։ Զուգահեռաբար Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը կհանդիպի իր ամերիկացի գործընկեր Փիթ Հեգսեթի հետ։ Չի բացառվում, որ մինչ այդ F-35-ի շուրջ գործարքը կարող է ավարտին հասցվել։

Share This