CNN. ԱՄՆ առողջապահության նախարարության կրճատված աշխատակիցների կեսից ավելին վերականգնվել է աշխատանքի
ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (CDC) հարյուրավոր աշխատակիցներ, որոնք կրճատվել էին կառավարության փակման ժամանակ, վերականգնվել են աշխատանքի, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իրենց արհմիության հայտարարությանը։
«Սխալ ծանուցումներ ստացած աշխատակիցները չեն ազատվել գործակալությունից, և բոլորը տեղեկացվել են, որ իրենց մոտ աշխատուժի կրճատումներ չեն նախատեսվում», – CNN-ը մեջբերել է ԱՄՆ առողջապահության և մարդկային ծառայությունների նախարարության հաղորդակցության տնօրեն Էնդրյու Նիքսոնին։
Դաշնային աշխատակիցներին ներկայացնող արհմիության տվյալներով՝ շաբաթ օրը մոտ 700 մարդ վերականգնվել է աշխատանքի։ Եվս 600 աշխատակից շարունակում է մնալ կրճատված, հաղորդում է հեռուստաալիքը։
Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց դաշնային աշխատակիցների «մեծ թվով» կրճատման ծրագրերի մասին՝ ի պատասխան կառավարության փակման։
ԱՄՆ դաշնային կառավարությունը մասնակիորեն փակվեց հոկտեմբերի 1-ի կեսգիշերին՝ ֆինանսավորման պակասի պատճառով։ Սա տեղի ունեցավ, քանի որ Կոնգրեսում իշխող հանրապետական և ընդդիմադիր դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչները չկարողացան համաձայնության գալ մի շարք ծախսերի շուրջ, այդ թվում՝ առողջապահության ոլորտում, և միմյանց մեղադրեցին կառավարության փակումը հրահրելու և քաղաքական նպատակներով այն ձգձգելու մեջ։
