ԲՐՆՁԻ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՎՐԱ 20 ՏՈԿՈՍԱՆՈՑ ՄԱՔՍԱՏՈՒՐՔ Է ՍԱՀՄԱՆՎԵԼ
Հնդկաստանը արգելել է մանրացրած բրնձի արտահանումը, իսկ սպիտակ ու շագանակագույն բրնձի արտահանման վրա էլ սահմանել է 20 տոկոսանոց մաքսատուրք։ Այս մասին գրում է The Wall Street Journal պարբերականը, վկայակոչելով Հնդկաստանի Արտաքին առեւտրի վարչության հրապարակած հայտարարությունը։
Նշենք, որ սպիտակ ու շագանակագույն բրնձի վաճառքը կազմում է Հնդկաստանի համաշխարհային վաճառքի ծավալների 60 տոկոսը։ Արտահանումը կթույլատրվի մինչեւ սեպտեմբերի 15-ն այն դեպքում, երբ բեռնումը սկսվել է նախքան այն պահը, երբ կայացվել է սույն որոշումը։
Նշենք, որ Հնդկաստանը հանդիսանում է բրնձի ամենախոշոր մատակարարն աշխարհում։ Վերջինս մատակարարում է համաշխարհային մակարդակով այդ ապրանքի պահանջարկի 40 տոկոսը։ Բացի այդ, Հնդկաստանը հանդիսանում է էժան աղացած բրնձի հիմնական մատակարարը Աֆրիկայի մի շարք երկրներին, որոնք վերջինս օգտագործում են որպես հիմնական սննդատեսակ։
Այս կերպ, ըստ մասնագետների, Հնդկաստանը փորձում է պայքարել սղաճի եւ արտահանման հետ կապված խնդիրների դեմ։ Իհարկե, այս որոշումը թանկ կարժենա Հնդկաստանի համար, քանի որ այդ երկիրն այս որոշումով կարող է զրկվել շուկայում ունեցած մասնաբաժնից։ Այսինքն՝ գնորդները պարզապես կարող են շրջվել դեպի Թաիլանդ ու Վիետնամ, որոնք այս գյուղմթերքի արտահանման ծավալներով աշխարհում գրավում են երկրորդ ու երրորդ տեղը։
