ԲՐՆՁԻ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՎՐԱ 20 ՏՈԿՈՍԱՆՈՑ ՄԱՔՍԱՏՈՒՐՔ Է ՍԱՀՄԱՆՎԵԼ

Հնդկաստանը արգելել է մանրացրած բրնձի արտահանումը, իսկ սպիտակ ու շագանակագույն բրնձի արտահանման վրա էլ սահմանել է 20 տոկոսանոց մաքսատուրք։ Այս մասին գրում է  The Wall Street Journal պարբերականը, վկայակոչելով Հնդկաստանի Արտաքին առեւտրի վարչության հրապարակած հայտարարությունը։

Նշենք, որ սպիտակ ու շագանակագույն բրնձի վաճառքը կազմում է Հնդկաստանի համաշխարհային վաճառքի ծավալների 60 տոկոսը։ Արտահանումը կթույլատրվի մինչեւ սեպտեմբերի 15-ն այն դեպքում, երբ բեռնումը սկսվել է նախքան այն պահը, երբ կայացվել է սույն որոշումը։

Նշենք, որ Հնդկաստանը հանդիսանում է բրնձի ամենախոշոր մատակարարն աշխարհում։ Վերջինս մատակարարում է համաշխարհային մակարդակով այդ ապրանքի պահանջարկի 40 տոկոսը։ Բացի այդ, Հնդկաստանը հանդիսանում է էժան աղացած բրնձի հիմնական մատակարարը Աֆրիկայի մի շարք երկրներին, որոնք վերջինս օգտագործում են որպես հիմնական սննդատեսակ։

Այս կերպ, ըստ մասնագետների, Հնդկաստանը փորձում է պայքարել սղաճի եւ արտահանման հետ կապված խնդիրների դեմ։ Իհարկե, այս որոշումը թանկ կարժենա Հնդկաստանի համար, քանի որ այդ երկիրն այս որոշումով կարող է զրկվել շուկայում ունեցած մասնաբաժնից։ Այսինքն՝ գնորդները պարզապես կարող են շրջվել դեպի Թաիլանդ ու Վիետնամ, որոնք այս գյուղմթերքի արտահանման ծավալներով աշխարհում գրավում են երկրորդ ու երրորդ տեղը։

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )