«Ընդդիմությունը դարձյալ դուրս է եկել փողոց»
Ներքաղաքական կյանքում որոշակի աշխուժություն է նկատվում։
Խորհրդարանական ընդդիմությունից ձևավորված «Դիմադրություն» շարժումը այսօր ժ.19:30-ին հանրահավաք է հրավիրել Ֆրանսիայի հրապարակում։Նախորդ անգամ,ընդդիմադիրները բողոքել էին շոգ եղանակային պայմաններից և իրենց հերթական հանրահավաքի հետաձգումը պայմանավորել հենց այս հանգամանքով։Թե որքանով են եղանակային պայմանները այժմ բարենպաստ իրենց համար,դժվար է ասել,բայց կարծում եմ «դիմադրողականների» գործողությունները տեղավորվում են հետևյալ տրամաբանության մեջ։Քանի որ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ավելի վաղ հայտարարել էր,որ օգոստոս ամսին իրենք պատրաստվում են իմպիչմենտ հայտարարել Փաշինյանին,ուրեմն պետք է դարձյալ ակտիվություն դրսևորել,փորձելով համախմբել իրենց կողմնակիցներին և դուրս բերել հրապարակ՝փորձելով թափ հաղորդել փողոցային պայքարին։Որքանով դա իրենց մոտ կստացվի,դժվար է ասել,բայց նախորդ բոլոր փորձերը կարելի է տապալված համարել։Եվ հետո,ընդդիմությունը՝իր շարքերը համալրելու համար,նախ և առաջ նոր գաղափարների և թարմ կարգախոսների կարիք ունի։Որովհետև երբ մարդիկ անընդհատ նույն բանն են լսում,և որևէ տեղաշարժ,գործողությունների պլան,կամ ռեալ անելիքներ ընդդիմության չեն տեսնում,սկսում են հիասթափվել։Ընդդիմության առաջնորդները պետք է այս կարևոր հանգամանքը ևս հաշվի առնեն։Մյուս կողմից,սակայն,ընդդիմադիրները կարծես թե այնքան էլ մտադիր չեն կենտրոնանալ միայն փողոցային պայքարի վրա։Նրանք սեպտեմբերին պատրաստվում են վերադառնալ ԱԺ,ինչպես իրենք են ասում,«սեփական օրակարգով»։Այսինքն,«դիմադրողականները»,ըստ էության,դարձյալ հասկացնել են տալիս իշխանական պատգամավորներին,որ նրանց հետ որևէ համագործակցության եզրեր չեն տեսնում։Մյուս կողմից,սակայն,իշխանական ֆրակցիայի ներկայացուցիչները որոշեցին բավականին խորամանկ քայլի դիմել,հրաժարվելով զրկել ընդդիմությանը պատգամավորական մանդատներից։Այս կերպ,ՔՊ-ականները փորձում են չեզոքացնել ընդդիմադիրների բոլոր խոսակցությունները քաղաքական հետապնդումների մասին,որոնք վերջիններիս կողմից կարող են գործի դրվել արտաքին լսարանի համար։Սակայն,իշխանությունները այս առումով ուրախանալու առիթ առանձնապես չունեն։Որովհետև ցանկացած իշխանություն՝ուժեղ և ազդեցիկ ընդդիմադիր ուժերի բացակայության պայմաններում,ուշ թե շուտ կանգնելու է՝քաղաքական ողջ համակարգի լճացման մեծ ռիսկի առջև։Եթե ընդդիմության ձայնը լսելի չէ,եթե այն չի կարողանում որևէ կերպ ազդել օրենքների ընդունման գործընթացի վրա,ապա այդ դեպքում,օրենսդիր մարմինը վերածվում է գործադիրի կցորդ կառույցի,որտեղ պառլամենտական մեծամասնությանը վերապահված է ընդամենը գործադիրի կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությունների դակողի դեր։Երկրի ժողովրդավարացման համար,այս երևույթը բացարձակապես հակացուցված է։
Արթուր Օգանեզով (Ambion-News.am-ի քաղաքական վերլուծաբան)
