ԱՄՆ-ում լողորդը մահացել է լճում վտանգավոր ամեոբայով վարակվելուց հետո

ԱՄՆ Միսսուրի նահանգում լողորդը մահացել է լճում նյարդային համակարգն ախտահարող ու առաջնային ամեոբային մենինգոէնցեֆալիտ առաջացնող ամեոբայով վարակվելուց հետո։ Այս մասին հաղորդում է ABC News-ը՝ վկայակոչելով առողջապահական համակարգի ներկայացուցչին։

Բժիշկները ենթադրում են, որ տղամարդը վարակվել է Այովայի լճերից մեկում լողալիս։ Մահացու հիվանդությունը պայմանավորված է եղել հազվադեպ հանդիպող, սակայն անչափ վտանգավոր Naegleria fowleri ամեոբայով։ Վարակման դեպքը հաստատվել է հուլիսի 7-ին, իսկ հուլիսի 8-ին Առողջապահության վարչությունը հայտարարել է  տվյալ լողափն այցելուների համար փակելու որոշման մասին։

Տղամարդն անհապաղ հոսպիտալացվել է և սկսել է բուժում ստանալ ամեոբային մենինգոէնցեֆալիտի դեմ, սակայն նրա կյանքն, այնուամենայնիվ, փրկել չի հաջողվել։

Այս հիվանդությունը խիստ հազվադեպ է հանդիպում, սակայն այն շատ վտանգավոր է և հաճախ է մահվան ելք ունենում։ Դրա առաջին ախտանշաններն են սաստիկ գլխացավերը, տենդը, սրտխառնոցը, փսխումը, պարանոցի մկանների կարծրությունն ու ջղաձգումները։ Վիճակագրական տվյալներով՝ 1962-2021 թվականներն ընկած ժամանակահատվածում գրանցվել է Naegleria fowleri ամեոբայով վարակման 154 դեպք, սակայն բժիշկներին հաջողվել է փրկել վարակվածներից միայն 4-ի կյանքը
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )