ԲԴԽ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՍՈՒՄ Է ԻՐԱՎԱԿԱՆ ԱՆՍԱՀՄԱՆ ՑԻՆԻԶՄԻ ՄԱՍԻՆ

Ավելի վաղ տեղեկացել էինք, որ Բարձրագույն դատական խորհուրդը ծանոթանալով 2022 թվականի փետրվարի 10-ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի կողմից հրապարակած հայտարարությանը՝ դրա մի շարք դրույթների կապակցությամբ վերաբերմունք է հայտնել` նշելով, որ «խնդրահարույց են հայտարարության մեջ պարունակվող մի շարք դատողություններ, որոնք վերաբերում են ՀՀ դատարաններում քննվող և հետագայում հնարավոր քննության առարկա հանդիսացող քրեական գործի հանգամանքներին և դրանց գնահատմանը»:

«Խորհուրդը անընդունելի է համարում այն հանգամանքը, որ Մարդու իրավունքների պաշտպանը իր հայտարարության մեջ անդրադառնալով Բարձրագույն դատական խորհրդին և վերջինիս գործունեությանը, հարկ չի համարել գործի մասին օբյեկտիվ պատկերացում կազմելու համար ստանալ Խորհրդի դիքորոշումը։ Կոնկրետ քրեական գործով միայն շահագրգիռ՝ պաշտպանական կողմի մոտեցումների վերարտադրման արդյունքում կատարված եզրակացությունները որպես սահմանադրական մարմնի դիրքորոշում ներկայացնելը անուղղակի միջամտություն է դատական իշխանության անկախությանը։ Գտնում ենք, որ պարոն Թաթոյանի նման գործելակերպը չի կարող նպաստել Մարդու իրավունքների պաշտպանի, որպես սահմանադրական մարմնի անաչառության և օբյեկտիվության ապահովմանը և կոչ ենք անում վերջինիս չձեռնարկել քայլեր, որոնք կարող են դիտվել որպես Մարդու իրավունքների պաշտպանի կողմից դատական իշխանության գործունեությանը միջամտություն»։

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ ըստ պաշտպանի մասին օրենքի` ՄԻՊ-ի լիազորության շրջանակներում չկա դատական խորհրդի դիրքորոշման, կամ պարզաբանման հարց, ուստի հասկանալի չէ, թե ԲԴԽ-ի հորդոր-պահանջը որքանով է իրավաչափ: Իրավապաշտպանի խոսքով` ԲԴԽ հայտարարությանն այնքան էլ ծանոթ չէ, սակայն ինքը տիրապետում է հարցին վերաբերող օրենքներին, եւ հստակ է, որ ՄԻՊ-ն այս առումով միանգամայն ազատ է: ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն էլ մեզ հետ զրույցում փաստեց, որ ՄԻՊ-ը բացարձակ անկախ կառույց է եւ ԲԴԽ-ն որեւէ իրավունք չունի ՄԻՊ-ին ինչ-որ հարցում մեղադրելու: «ԲԴԽ-ն ո~ւր, ՄԻՊ-ն ո~ւր: Մարդու իրավունքների պաշտպանը պետական մակարդակով երկրի երկրորդ մարմինն է: Այն, որ ԲԴԽ-ն որոշել է իր դատախազական սովորություններով դատողություններ անել ՄԻՊ-ի մասին, դա խոսում է միմիայն իրավական անսահման ցինիզմի մասին: Ես կրկնում եմ, ՄԻՊ-ը լրիվ անկախ մարմին է, որը զեկույցներով պետք է հանդես գա միայն ԱԺ-ում հանրության առաջ: Ինձ ցույց տվեք մի կետ Սահմանադրության մեջ, որտեղ ԲԴԽ-ին տրված է այդ լիազորությունը»: – նշում է իրավապաշտպանը:

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )