Ինչ կանի Փաշինյանը Ստամբուլյան կոնվենցիայի հետ․ հնարավոր սցենարներ

Ստամբուլյան կոնվենցիան իսկական գլխացավանք է դարձել ոչ այնքան ներկա իշխանությունների, որքան հայաստանյան հանրության համար։ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ թացն ու չորը խառնվել են իրար, երբ կոնվենցիայի բուն տեքստն ու դրա մեկնաբանությունը այլեւս չեն տարանջատվում։ Այն, որ կոնվենցիայի վավերացման հարցը որպես այդպիսին Փաշինյանը ժառանգություն է ստացել Սերժ Սարգսյանի վարչակարգից, անվիճելի է։ Ի վերջո Հայաստանն այն ստորագրել է հենց Սերժ Սարգսյանի նախագահության օրոք, իսկ վավերացման հարցում մանրեւրել է, որքան կարողացել է։ Այդ մասին անուղղակի խոստովանեց նաեւ Մարգարիտ Եսայանը իր հանրային հայտարարություններից մեկում։ Հիմա այլեւս մանեւրելն անհնարին է։ Նախ, իշխանափոխությունը որպես «թավշյա հեղափոխություն» ներկայացնելը կապում են Փաշինյանի ձեռքերը։ Հասկանում եք, եթե հեղափոխություն է եւ ոչ թե ասենք հեղաշրջում եւ այն էլ գունավոր հեղափոխության մոտիվներով, ապա դու այլեւս ինչ էլ անես, չես կարող մերժել ու մանեւրել, այլապես կասկածի տակ կդնես ամբողջ արածիդ արժեքը։ Սա Փաշինյանը լավ է հասկանում, քանի որ ամբողջ արվածի արժեքը դնելով կասկածի տակ, կասկածի տակ է դնում նաեւ իր լեգիտիմությունը, ասել է, թե՝ իր իշխանությունը, իշխանության ղեկին մնալու եւ վայելելու իր հնարավորությունը։ Մյուս կողմից «ժողովրդի սիրելի վարչապետը» հասկանում է, որ կոնվենցիայի շուրջ աղմուկը այնպիսի դաշտ է տարվում, որը կտրուկ կարող է առաջ բերել հանրային դժգոհություն։ Տրանսգենգեր Լիլիթ Մարտիրոսյանի ԱԺ ելույթից հետո իշխող վարչակազմը հասկացավ, որ անկախ ամեն ինչից որոշակի կարմիր թել կա, որը անցնելը խիստ վտանգավոր է։ Փաշինյանը կոնկրետ այդ ժամանակ կարողացավ մանեւրել ու ասել, որ Լիլիթ Մարտիրոսյանին անձնագիր տրվել է որպես Լիլիթ Մարտիրոսյան՝ հանրապետականների օրոք ու փորձեց դրանով մեղմել նեգատիվ արձագանքը։ Լիովին հավանական է, որ այս անգամ էլ նույն խաղաքարտը կօգտագործի ու կփորձի հարցը մատուցել այնպես, որ դա ստացել է որպես ժառանգություն ու չի կարող խուսափել ու հարց ունեցողը Սերժ Սարգսյանից է պատասխանը պահանջելու։ Սակայն մյուս կողմից էլ ինքը գիտի, որ Արեւմտյան ուղղվածության խմբերն ու հոսանքները, որոնք մաս են կազմում իր իշխանության եւ կոչվում են պայմանական ասված՝ «սորոսականներ» փայատեր են հեղափոխությանը եւ պետք է այդ «փայը» վճարել։ Երրորդ կողմից էլ, հեռացող ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին բազմախոստում ակնարկներ արեց իր վերջին ասուլիսին ֆինանսական հատկացումների եւ դատաիրավական բարեփոխումների հետ կապված։ Ֆինանսական ծանր կացության մեջ գտնվող երկրի վարչապետի համար դա գոնե էլի հույս է։ Ուստի լիովին հնարավոր է գործարք՝ դատաիրավական բարեփոխումներ Նիկոլի ձեւով՝ այսինքն Հրայր Թովմասյանի չեզոքացում ասպարեզից՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դիմաց։ Վահե Գրիգորյանն իրեն մեծ հաշվով պետք չէ, սակայն իրեն պետք է ՍԴ-ն, որպեսզի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը որքան հնարավոր է թանկ գնով վաճառի Կրեմլի վրա։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )