Ազոտական պարարտանյութի թանկացման դեմ դարձյալ բողոքում են Շիրակի մարզի ֆերմերներն ու գյուղացիական տնտեսությունները
Հողագործներն ու ֆերմերները շարունակում են բողոքել ազոտական պարարտանյութի գնաճից՝ պահանջելով պատասխանատու գերատեսչություններից միջամտել վաճառքի գները կայունացնելու հարցում կամ սուբսիդավորմամբ խնդիրը կարգավորել։
Շիրակի մարզի գյուղացիական տնտեսություններն արդեն մտահոգ են, մեծածախ ու մանրածախ շուկայում եռակի թանկ գնով վաճառվող պարարտանյութ ձեռք բերելու և ցանքատարածքները մշակելու դեպքում կունենան ֆինանսական մեծ կորուստներ, իսկ աշնանացան ցորենի և այլ մշակաբույսերի պարարտացման սեզոնը կսկսվի երկու-երեք ամսից:
Հողագործներն հիմնականում օգտագործել են երկու տեսակի ազոտական պարարտանյութեր: Սովորաբար, հունվար-փետրվար ամիսներին պահեստավորում են, որ գարնանը պարարտացնեն ցանքատարածքները: Բայց այս տարի ֆերմերներն ու գյուղացիական տնտեսությունները իրենց առաջարկվող պարարտանյութի շուկայական արժեքից անակնկալի են եկել, մեկ պարկ պարարտանյութը 6500-7000 դրամի փոխարեն եռակի թանկ գնով են առաջարկում:
«Ես ունեմ 80 հեկտար ցանքատարածք, մենակ ազոտական պարարտանյութի թանկացման պատճառով ես 15 միլիոն դրամ ավելի գումար պետք է վճարեմ։ Պատկերացնում եք, մի ֆերմերը 15 միլիոն դրամ էս թանկացման պատճառով տուժում է»,- ասում է ֆերմեր Գևորգ Ավագյանը։
«Հիմա մարդիկ վարկ են վերցրել՝ պարարտանյութի մեկ պարկը 6500-7000 դրամով ձեռք բերելու հաշվարկով, էսօր 20 հազար դրամ է դարձել, չենք կրնա առնինք։ Ընձի 8 մեշոկ է պետք, կազմում է 160 հազար դրամ, իսկ ես նախատեսել էի ընդամենը 56 հազար դրամ գումար»,- ասում է գյուղատնտես Կարեն Կարախանյանը ։Տասնյակ հեկտարներով աշնանացան են մշակել, ոմանք գարնանացանի, կարտոֆիլի ու այլ մշակաբույսերի ցանկերի աշխատանքներն էին պլանավորում։ Բայց պարարտանյութի գնաճը հնարավոր է հողը մշակելուց հրաժարվելու պատճառ դառնա, իսկ արդեն ցանած արտերը չպարարտացնել չեն կարող, պարարտացնելու համար հավելյալ ու մեծ ֆինանսական միջոցներ են պահանջվելու։ Հողագործները առաջարկում են սուբսիդավորման տարբերակով խնդիրը կարգավորել
Պարարտանյութի գնաճը կապում են ներկրման սահմանային հարկերի բարձրացման, մատակարար կազմակերպությունների ու անհատների կամայականությունների հետ: Արդեն ճշտել են, որ ներկրողների հիմնավորումներն այնքան էլ հավաստի և հիմնավոր չեն՝ համեմատելով հարևան երկրի գների հետ։ Երկու օր առաջ այս խնդրին ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Ըստ էության, սա հարևան երկրների արտադրողների էս պահին պաշտոնական բացթողնման գինն է, և էստեղ տեղական ներկրողները գերշահույթ, բնականաբար, չեն հետապնդում, մենք ուշադիր հետևում ենք գործընթացին։ Մենք հիմա բանակցում ենք թե՛ մեր ռուս, թե՛ իրանցի, և թե՛ կատարցի ու այլ գործընկերների հետ, որպեսզի կարողանանք հնարավորինս էժան պարարտանյութ ձեռք բերել և ինչ որ մի սուբսիդավորման մաս էլ ավելացնել և ունենալ գյուղացիների համար խելամիտ գնային առաջարկ»,-նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նախարար Վահան Քերոբյանը վստահեցրել է, որ մինչև ցանքատարածքների ու այգիների պարարտացման սեզոնի մեկնարկը, գյուղացիներին հարմար տարբերակ կառաջարկեն, դրանցից մեկն էլ սուբսիդավորվող վարկերի տարբերակն է:
