ՈՉ ԹԵ ՓՈԽԶԻՋՈՒՄ, ԱՅԼ ԱՆՎԵՐՋԱՆԱԼԻ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԶԻՋՈՒՄՆԵՐ
Ադրբեջանը շարունակում է թիզ առ թիզ անարգել նվաճել Սյունիքի բարձունքները, հենակետերը, ճանապարհները, արոտավայրերը, խոտհարքները։ Հայկական զինուժի անգործության պայմաններում իշխանությունը մտադրվում է սահմանազատում իրականացնել, այն դեպքում, երբ թշնամին միակողմանիորեն ինքն է սկսել այդ գործընթացը՝ ուժի իրավունքով։ Բնականաբար, որեւէ երաշխիք չկա, որ Ադրբեջանն ապօրինաբար զբաղեցրած իր դիրքերից հետ է քաշվելու, եթե միջպետական բանակցություններ սկսվեն։
Չկա նաեւ որեւէ երաշխիք, որ անգամ Հայաստանի թիկունք մխրճվելով՝ թշնամին չի խախտելու հրադադարի ռեժիմը։ Կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունները Բաքուն խախտել է մշտապես՝ տասնամյակներ ի վեր, կխախտի նաեւ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։ Ո՛չ Թուրքիայի, ո՛չ Ադրբեջանի վրա այսօր չկա զգալի միջազգային ճնշում, այդ երկրներն ստիպված չեն հաշվի նստել իրենց արարքների հնարավոր հետեւանքների հետ, հետեւաբար՝ ազատել են ձեռքերը կապանքներից եւ գործում են ուզածի պես։
Թշնամուն խաղաղություն պարտադրող միակ ուժը՝ ազգային բանակը, փաստացի գլխատված է, քանի որ որեւէ դեպքում պատասխան կրակ չբացելու հրամանը հենց բանակի գլխատում է նշանակում։ Պարզ է, որ Ադրբեջանի հետ բանակցություններ սկսելու եւ սահմանն իբր պաշտոնապես որոշելու փուլում առավել եւս մեր զինված ուժերին պարզապես արգելվելու է նախաձեռնությունը սեփական ձեռքը վերցնել։ Միաժամանակ, անգամ սահմանազատման հարցով բանակցությունների մեկնարկից հետո սողացող պատերազմը Հայաստանի սահմաններին չի դադարելու, այլ միայն ուժգնանալու է։
Ե՛վ առաջին արցախյան, ե՛ւ 44-օրյա պատերազմում եղել են կրակի դադարեցման մասին ընթացիկ պայմանավորվածություններ, սակայն Ադրբեջանն առաջին իսկ հնարավորության դեպքում վերախմբավորվել է, խախտել իր հանձնառությունն ու անցել հարձակման։ Եթե, օրինակ, ապրիլյան մարտերում հայկական բանակը տապալեց թշնամու կայծակնային պատերազմի սցենարը, միջազգային ճնշումն էլ Բաքվին ստիպեց չորս օր անց հրադադար խնդրել, այսօր ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Արեւմուտքի կողմից բավարար ճնշում չկա Ադրբեջանի վրա։
Եթե Պետդեպը կամ ՌԴ ԱԳՆ-ն անգամ մեր շահերին համահունչ ինչ-որ հայտարարությամբ են հանդես գալիս, դա ոչ թե մեր դիվանագիտության հաջող աշխատանքի մասին է վկայում, այլ բարենպաստ միջազգային իրավիճակի, որից մենք նույնիսկ չենք կարողանում օգտվել։ Եվ հակառակը՝ Ադրբեջանի համակարգված աշխատանքը բոլոր կարեւոր միջազգային կառույցների հետ ակնառու է։ Պատերազմի օրերին, օրինակ, Եվրամիությունը դատապարտեց Հայաստանին Գանձակի հրթիռակոծման համար, սակայն լռեց Ստեփանակերտի եւ Արցախի մյուս բնակավայրերի ռմբահարումների եւ դրանց հետեւանքով տասնյակ քաղաքացիական զոհերի մասին։ Ի դեպ, ԵՄ պաշտոնական ներկայացուցիչը չէր կարող նման պնդում անել առանց Ֆրանսիայի համաձայնությունն ստանալու։
Առաջին պատերազմի ավարտից ի վեր հայկական կողմի պաշտոնական՝ փոխզիջումային դիրքորոշմանը 44-օրյա պատերազմից հետո փոխարինելու է եկել բացառապես միակողմանի զիջումների գնալու քաղաքականությունը՝ իբր ավելի մեծ կորուստները կանխելու նպատակով։ Բաքուն սահմանել է իր համար ամենաբարձր սանդղակը եւ մեզնից պահանջում է հնարավոր ամեն ինչ։ Հայաստանն ու Արցախը նախկինում պահանջում էին կարգավիճակ եւ անվտանգություն՝ պատրաստ լինելով տարածքային զիջումների։ Այսօր հայկական կողմը չունի որեւէ բազային պահանջ ո՛չ Արցախի կարգավիճակի, ո՛չ էլ անվտանգության հարցում, ավելին՝ համաձայն է նաեւ սեփական ինքնիշխան տարածքի ծվատմանը եւ բավարարում է թշնամու գրեթե բոլոր քմահաճույքները։
Դավիթ Սարգսյան
