ՊԱՐՏՎԵԼՆ ՈՒ ՀԱՂԹԵԼԸ ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ
Իսկապես, լրջագույն դիլեմայի առաջ են կանգնում նրանք, ովքեր իրենց մարդկային նկարագրով ու տեսակով վեր են կանգնած տվյալ կուսակցության որդեգրած գործունեությունից: Այստեղ է, որ առաջ է գալիս հավիտենական հարցը.
Ի՞նչ անել…
Լինե՞լ, թե՞ չլինել…
Իհարկե` լինել…
Համոզված եմ` սա ավելի գերադասելի է, քան կուսակցությունների հարափոփոխությունը: Խոսքս լայն, ավելի լայն` մայրաքաղաքային մասշտաբի՝ տեղից-տեղ անցնելու մասին է: Էլ չասեմ, որ մեր էս փոքրիկ, չինական մի գյուղի չափ ազգաբնակչություն ունեցող երկրում ավելի քան 100 կուսակցություն ունենալն ուղղակի աբսուրդի թատրոնի ժանրից է։ Սա ոչ թե դեմոկրատիա է, այլ դեմոկրատիայի ծաղրուծանակ: Իսկ եթե մարդն առաքինի է, բարձրյալի կողմից տրված խիղճ ունի, մեծի հետ մեծ է, փոքրի հետ` փոքր, իր անձը վեր չի դասում ամեն ինչից ու, ամենակարեւորը՝ սրա-նրա խորհուրդներով չի առաջնոդվում, խոսքը հարգել գիտի, նրա էությունը ոչ ոք չի կարող փոխել, անգամ այն կուսակցությունը, որի մեջ հանգամանքների բերումով հայտնվել է: Հետո՞ ինչ, թե «ճարտար» խոսքի հավակնություն չունի: Առավել եւս, երբ մարդը տառապել է մեզ պատուհասած երկրաշարժի արհավիրքից եւ փոքր հասակում զրկվել ամենաթանկից՝ ե՛ւ հորից, ե՛ւ մորից: Ես մարդկային այս տեսակի կողմնակիցն եմ, ոչ թե նրա կուսակցականության, որտեղ մարդու տեսակը վեր է կուսակցությունից:
Երբ նոր-նոր էր ուրվագծվում ԽՍՀՄ փլուզումը, 88-ի ավերիչ երկրաշարժից հետո մեկ անգամ չէ, որ առաջարկեցի ստեղծել Սպիտակի փրկության կոմիտե: Մտածում էի՝ փլատակների վրա, ավերված երկրում էլ ի՞նչ Կոմունիստական կուսակցություն, ի՞նչ բան… Այսօր կան, վաղը չկան։
Իմ այդ առաջարկությանը նույնիսկ այն ժամանակվա կուսակցության շրջկոմի առաջին քարտուղարը համաձայնեց, որպեսզի ՀԿԿ Սպիտակի շրջանային կուսակցության փոխարեն Սպիտակի փրկության կոմիտե ստեղծվի: Ցավոք, վերջնարդյունքում առաջարկությունս չընդունվեց: Վերեւներից ու նեքեւից խանգարեցին:
Եվ ի՞նչ եղավ… Իշխանական թեւի տարբեր բեւեռներում գտնվող որոշ ղեկավարներ «կրոնը» փոխեցին եւ, ինչպես ընդունված է ասել, «իրար միս կերան»: Տուժողն ո՞վ եղավ` հասարակ ժողովուրդը, հասարակ սպիտակցին: Եթե կուզեք՝ սեւերի եւ սպիտակների բաժանումը, այսինքն` ժողովրդի մասնատումը, դեռեւս այն ժամանակվա ՀՀՇ-ից է գալիս: Եվ այդ սերմերի ծլարձակման համար մեղավոր են այս երեք տասնամյակում պարարտ հող ստեղծողներն ու, առանց բացառության` Հայաստանը ղեկավարած բոլոր իշխանությունները: Իսկ հիմա առաջարկում եմ վեր կանգնել կուսակցական մանր-մունր հաշիվներից, քարը փեշից թափել, բոլոր թեկնածուներով միավորվել, նեղ կուսակցական շահերը մի կողմ թողնել, ընդհանուր հայտարարի գալ եւ միասին տեր կանգնել տարիներով մոռացության մատնված երկրաշարժի էպիկենտրոն Սպիտակին:
Այդ դեպքում ե՛ւ ժողովորդը միմյանց նկատմամբ ատելությամբ չի լցվի, ե՛ւ միասնական համայնքը հեռանկար կունենա: Բոլորդ էլ անելիքի, գործի պակաս չեք ունենա։
Իհարկե, այնքան ռոմանտիկ չեմ, որ կարծեմ` վաղվանից միավորվելու եք։ Սակայն արդյունավետ ու օգտակար ուղին այսօր սա է: Թե չէ օտարածին ու փուչ դեմոկրատիան, մեծ հաշվով, պղտոր ջրում ձուկ որսացողների համար է:
Այլապես, կարծում եմ, պարտվելն ու հաղթելը հարաբերական են լինելու: Իսկ տուժողն ընտրություններից հոգնած ժողովուրդն է լինելու։
Ռոբերտ Մաթոսյան
