Արթուր Միրզոյանը հետմահու արժանացավ <<Մարտական ծառայություն>> մեդալի

Մասնագիտությամբ անասնաբույժ, հումորով, ժպիտով, ամեն դժվարություն տարած, կյանք տեսած, ապրած:

5 տարեկանում բազմապատկման աղյուսակն անգիր իմացող Արթուրն առաջամարտիկ էր նաև կռվում: Աշոցքից էր նահատակված քաջորդին՝ իր ծննդավայրին հատուկ ամուր կամքով, չնահանջող ոգով և դժվարություններից չընկրկող:

Եղբայրներն էլ՝ իր նման՝ նույն դաստիարակությամբ, նույն վարքով ու մտածողությամբ: Էթերին երկու որդիներին միայնակ է մեծացրել, առանց ամուսնու: Դաստիարակության հարցում հայրենասիրությունը եղել է առաջնային:

«Որքան կարողացել եմ, որպես հայրենասեր եմ դաստիարակել»,- ասաց հերոսի մայրն ու խնամքով որդու լուսանկարի կողքին դրեց ԱՀ նախագահի հրամանագրով հետմահու տրված պարգևը՝ «Մարտական ծառայություն» մեդալը:

Պատերազմի օրերին, երբ հարձակումը հյուսիսում էր, դա Մատաղիսն էր, որտեղ Արթուրն էր այդ պահին, երբ հարավում էր՝ Հադրութն էր, որտեղ Էթերիի ավագ որդին էր ծառայում: Էթերին ասում է՝ այնպիսի տղաների է դաստիարակել, որ միայն հերոսանալու համար էին այնտեղ: «Պատերազմի թեժ օրերին ամենաթեժ երկու կետերում երկու որդի ունենալն անմարդկային ճիգեր են պահանջում ու կամք, որ դիմանաս ու սպասես, ապրես»,- նշում է Արթուրի մայրը:

Բարձրահասակ էր Արթուրը: Հնարավորություն ուներ Պատվո պահակային գնդում ծառայելու: Հրաժարվեց: «Տղեն բդի Ղարաբաղ ծառայե»,- վստահ էր նա:

Արթուրն ընկավ Մատաղիսում հոկտեմբերի 26-ի առավոտյան: «Էդ առավոտյան, երբ զանգեց ինձ, ասաց՝ մամ, է՞ս էր հրադադարը, ու ես ուժեղ արկի ձայն լսեցի: Հենց այդ պահին էլ սպանվել է իմ տղան: Ընկել է ընկերոջ կյանքը փրկելիս, ընկերը կուրացել էր, բայց կյանքը փրկվեց: Մինչև մեծ տղաս զանգեց, ասաց, ես արդեն զգում էի, որ իմ Արթուրը չկա, ես իր բացակայությունը հոգով զգացել էի արդեն»,- պատմում է մայրը:

Մինչ այդ՝ ժամկետային զինծառայող Արթուր Միրզոյանը հասցրել էր լեյտենանտի կոչման արժանանալ: Տրված նահանջ հրամանից հետո կարողացել էր իր զինվորների մեծ մասին անվտանգ վայր հասցնել եւ փրկել մահից ու գերությունից: Այդ օրը զանգել էր մորն ու հրաժեշտ տվել, բայց կարողացել էր փրկվել:

«Զանգեց, ասաց՝ մամ, հրաժեշտ եմ տալիս, ես չգիտեմ՝ ոնց կլինի, կենդանի կմնամ, թե չէ: Նահանջ հրամանից հետո փախչում ենք անտառներով, չգիտենք, թե ուր ենք գնում: Ով Արթուրիս հետ էր եղել, փրկվել էին, դուրս էին եկել հայկական գյուղ: Ովքեր ուրիշ ուղղությամբ էին գնացել, մի մասը գերեվարվել է, մի մասը՝ զոհվել:

Դրանից հետո նրան լեյտենանտի կոչում տվեցին, որ կարողացել էր ջոկատն ապահով վայր դուրս բերել: Ասում էի՝ եթե հնար կա, դու էլ մյուսների նման հետ արի: Ասում էր՝ մամ, զինվորն իմ երեսին է նայում, էս կոչումն իզուր չեմ վերցրել, պետք է արժանի լինեմ: Պատվով կրեմ:Կարողանում էր կատակել նաև, ասում էր՝ մամ, էն խաղերը, որ օնլայն խաղում էինք, իրականում էստեղ է, լրիվ իրականություն է, պատկերացնելու բան չէ»:Շատ դժվար է գտնել խոսքեր՝ արտահայտելու համար մեր այն հոգեվիճակը, որը զգում ենք, երբ ասում ենք՝ կիսում ենք ձեր ցավը: Վստահ եղեք, անկեղծորեն ցավում ենք, և մենք մեր ամենօրյա աշխատանքով փորձելու ենք ապացուցել, որ արժանի ենք նրանց հիշատակին»,- մեդալը տիկին Էթերիին հանձնելիս ասաց Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը:

Արթուրի մայրը նշեց՝ զգացված է, որ կարևորվում, արժևորվում են հանուն հայրենիքի նահատակվածները: Հպարտ է, որ Արթուրի մայրն է, բայց հպարտության ամեն օրը կարոտի ծանրությունն է ավելացնում:

«Հպարտությունը՝ մի կողմ, բայց կարոտի հետ հաշտվել հնարավոր չէ: Օրերը վերքերը չեն բուժում, անասելի կարոտ են ավելացնում, ամեն նկարը նայելիս, ամեն կտոր հացն ուտելիս հիշում եմ: Պարզապես պիտի ուժեղ լինես՝ ուրիշներին օրինակ ծառայելու համար»,- կարծես ինքն իրեն, բայց նաև բոլորին կիսաձայն պատգամեց տիկին Էթերին:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )