<<Ձեր հայտարարություններով, սուտը ստով հերքելով՝ այլևս չենք հասկանում՝ որն է ճիշտ, որը՝ սխալ>>. Անի Սամսոնյանի՝ Սու 30-ների մասին հարցին Փաշինյսնի փոխարեն պատասխանեց Տիգրան Ավինյանը
Ստեղծվել է մի իրավիճակ, որ Ձեր կողմից արվող ցանկացած հայտարարության մեջ մենք ստիպված ենք փնտրել հակասություններ։ Այս մասին ԱԺ հարցուպատասխանի ընթացքում, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ նշելով, թե Փաշինյանը ՍՈւ 30 ինքնաթիռների վերաբերյալ իրար հակասող հայտարարություններ է արել։
Դրա մեղավորն իրականում Դուք եք, որովհետև այս ընթացքում Ձեր հայտարարություններով, մեկնաբանություններով, սուտը ստի վրա դնելով, սուտը ստով հերքելով՝ այլևս չենք հասկանում՝ որն է ճիշտ, որն է սխալ։ Ժողովուրդը կարիք ունի հասկանալու՝ այն, ինչ այս պահին ասում եք, ճի՞շտ է, թե՞ սուտ»,-հայտարարեց պատգամավորը, ապա հավելեց,- Ե՞րբ է իշխանությունը դադարելու ստել, մանիպուլացնել և հասարակության համար ստեղծել մի իրավիճակ, որ մարդիկ խճճվեն այդ ստի մեջ»։
Սամսոնյանի հարցին Փաշինյանի փոխարեն պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Նա նշեց, թե Սու 30 ՍՄ ինքնաթիռների վերաբերյալ ամբողջական պատասխան հնչել է Նիկոլ Փաշինյանի կողմից, և այդ մասով ավելացնելու բան չկա։
Սամսոնյանն արձագանքեց. «Պարո՛ն Ավինյան, ես Ձեզ հասկանում եմ, ծանրագույն բեռ է այլոց ստերի համար երբեմն պատասխան տալ, ինչը Դուք հիմա փորձում եք անել, բայց ես նորից ուզում եմ հարցնել՝ ակնհայտ է, որ դուք թաքցրել եք և խաբել եք մարդկանց, որ նոր ձեռք բերված ՍՈւ համակարգերը չեն ունեցել հրթիռներ, և դա մենք պարզել ենք միայն պատերազմից հետո։ Ի՞նչ էիք մտածում՝ լուսանկարներ տարածելով, ՍՈւ-երը գովազդելով՝ մարդիկ պետք է ոգևորվեին և ասեին՝ շնորհակալությո՞ւն»,-ասաց նա՝ նշելով, թե այսօր իշխանությունը հիմնված է ստի վրա։
Տիգրան Ավինյանն արձագանքեց. «Շատ գնահատելի է Ձեր կարծիքը, բայց կարծում եմ՝ Ձեր մեկնաբանությունները չափից շատ սուբյեկտիվ են, և Ձեր, որոշ դեպքերում, քաղաքական լսողության բացակայությունը մեկանաբանել որպես մեր կողմից մատուցվող սուտ, նույնպես փաստերի խեղաթյուրում է։ Գնումների պլանով նախատեսված է եղել՝ երբ պետք է տվյալ ինքնաթիռի համար ձեռք բերվեն համապատասխան հրթիռները»,-ասաց նա։https://www.tert.am/am/news/2021/03/24/Avinyan/3562826
