Որոշվեց, որ պետք է գնանք Ընտրական օրենսգրքի պարզ փոփոխությունների և ընտրություններն իրականացվեն համամասնական ընտրակարգով՝ առանց վարկանշային ընտրացուցակի. Նիկոլ Փաշինյան
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ հունիսի 20-ին տեղի է ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որպես քաղաքական մեծամասնության ղեկավար ի՞նչ դիրքորոշում ունեք, ընտրությունները պետք է անցկացնել գործող Ընտրական օրենսգրքո՞վ, թե փոփոխվածով. Ազգային Ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, դիմելով Նիկոլ Փաշինյանին, հարցրեց անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ընտրությունները տեղի են ունենալու ձեռք բերված քաղաքական պայամանավորվածությունների շրջանակում: Նրա խոսքով՝ քաղաքական պայմանավորվածությունները ձեռք են բերվել ՀՀ նախագահի, ԲՀԿ և ԼՀԿ ղեկավարների, արտախորհրդարանական ուժերի և «Իմ քայլը» խմբակցության ամբողջ կազմի հետ քննարկումների արդյունքում:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քննարկումների արդյունքում արձանագրվել է, որ սահմանված ժամկետներում տեղի է ունենալու վարչապետի հրաժարական, որից հետո Ազգային ժողովը երկու անգամ վարչապետ չի ընտրելու և իրավունքի ուժով ԱԺ–ն արձակվելու է և հունիսի 20-ը լինելու է քվեարկության օրը:
Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքին, ապա, Փաշինյանի հավաստմամբ, օրենսգրքի ընտրակարգը պայմանավորվածությունների մաս չի եղել, բայց բոլոր քննարկումների ժամանակ հարց է ուղղել խորհրդարանական գործընկերներին, թե իրենք ի՞նչ կարծիքի են ընտրակարգի վերաբերյալ՝ ռեյտինգային ընտրակարգը լինի՞, թե չլինի: Խոսակցությունների ժամանակ արձանագրել են, որ ԲՀԿ և ԼՀԿ-ն այդ հարցը թողնում են խորհրդարանական մեծամասնության հայեցողությանը։
խորհրդարանական մեծամասնությունը, քննարկումներ ունենալով արտախորհրդարանական ուժերի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ և հաշվի առնելով նախկինում իր ստանձնած հանձնառությունը, որոշում է կայացրել, որ մենք պետք է գնանք Ընտրական օրենսգրքի պարզ փոփոխությունների և ընտրություններն իրականացվեն համամասնական ընտրակարգով՝ առանց վարկանշային ընտրացուցակի»,– ասաց նա:
Բագրատյանը հարցրեց, թե քաղաքական պայմանավորվածություններում քննարկվել է նաև փա՞կ համամասնական ընտրակարգ ընդունելը, թե դա մեծամասնության հայեցողությանն է թողնված։ Փաշինյանը պատասխանեց, որ փակ համամասնականի ընտրակարգը պայմանավորվածությունների մաս չէ, բայց հանդիպումների ժամանակ արձանագրվել է, որ խորհրդարանական խմբակցությունները դեմ չեն ընտրակարգի փոփոխությանը.
«Ասվել է, որ մենք կողմ չենք քվեարկի, որովհետև չենք ուզում կիսել ձեզ հետ քաղաքական պատասխանատվությունը, եթե դուք ուզում եք փոխել՝ փոխեք, խնդիր չունենք, մենք դրան դեմ չենք քվեարկի: Քաղաքական պայմանավորվածությունները նրբություններ ունեն, երբեմն եղանակն էլ է ազդում դրա վրա, բայց մենք ինչ ասել ենք՝ հստակ մեր պայմանավորվածությամբ առաջ ենք շարժվում»:
