Հանրահավաքի բազմամարդությունը զսպաշապիկն է իշխանության
Քաղաքական գործիչ Գրիշա Վիրաբյանը հունիսի 15-ին հանրահավաք է կազմակերպելու, որի ընթացքում պահանջելու է, որպեսզի ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը գա եւ պատասխան տա այն խոստումների համար, որոնք տվել է, ու չի կատարել, ինչպես նաեւ պատասխանի վերջին շրջանում իր հասցեին հնչած քննադատություններին, կապված ծխախոտի մաքսանենգության դեպքերի, ադամանդի գործի, զենքի անօրինական առեւտրի եւ այլ հայտարարությունների հետ կապված։ Գրիշա Վիրաբյանը կոչ արեց ժողովրդին գալ եւ մասնակցել հանրահավաքին իր եւ ընկերների հետ, որպեսզի որպես պահանջատեր քաղաքացի կարողանան ստիպել Նիկոլ Փաշինյանին վերջապես մտնել պետական գործչի կերպարի մեջ եւ սկսել երկիրը կարգի բերել։ Գրիշա Վիրաբյանը հայաստանյան քաղաքական դաշտում նոր մարդ չէ եւ քաղաքական պայքարի ամենաթեժ կետում է եղել թե Տեր-Պետրոսյանի, թե Քոչարյանի եւ թե Սարգսյանի օրոք։ Նա մասնակցել է Մարտի մեկի ցույցերին, ակտիվ մասնակիցներից մեկը եղել համաժողովրդական շարժման, որը ի վերջո բերեց թավշյա հեղափոխության։ Հետաքրքրական է, որ ժամանակին Փաշինյանի հետ նույն պայքարի առաջնագծում եղած գործիչը վստահ է, որ Փաշինյանը ոչ միայն ձախողված է, այլ նաեւ պայքարում է շատ կեղտոտ եւ անընդունելի մեթոդներով, որոնք նույնիսկ տղամարդուն հարիր չեն։ Գրիշա Վիրաբյանը նաեւ նշեց, որ մինչ հունիսի 15-ը իշխանությունը ունի ժամանակ պատասխանելու այն բոլոր հարցերին, որոնք այսօր դեռ չեն գտել իրենց պատասխանները։ Վիրաբյանը նշեց, որ իր համար ընդունելի չեն հակառուսական հողի վրա տրամադրությունների պղտորումը, հասարակությանը սեւ ու սպիտակի բաժանելը։Առաջնահերթը քաղաքական գործչի համար ժողովրդի կյանքի եւ առողջության անվտանգության ապահովումն է, ու կորոնավիրուսային համավարակի հաղթահարումը ինչը այս իշխանությունը չի կարողանում անել, մի բան որ ակնհայտ է։ “Էն մարդիկ, ովքեր պայքարել են երեսուն եւ ավելի տարի, չէին կարող պատկերացնել, որ կարող է Հայաստանում գա մի ժամանակ, երբ երանի տան Սերժ Սարգսյանի, Լեւոն Տեր Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ժամանակներին”,- նկատեց Գրիշա Վիրաբյանը։ Նա նշեց, որ անհանդուրժելի է Իվան Ահեղի ժամանակների օպրիչնիկների առկայությունը մեր հասարակության մեջ։ Ի դեպ, Գրիշա Վիրաբյանը նաեւ կոչ արեց գալ հանրահավաքի բժշկական դիմակներով, նշելով, որ եթե հարկ լինի իրենք հանրահավաքի վայրում հատուկ կետեր կտեղադրեն, որպեսզի ովքեր որ չունեն դիմակներ, վերցնեն, քանի որ դիմակներ ունենալն էլ այսօր ֆինանսապես լուրջ բեռ է հասարակ հայաստանցու համար։
