Գիտնականները հայտնաբերել են պարզ միջոց կրծքագեղձի քաղցկեղի զարգացումից պաշտպանվելու համար

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ սննդակարգը խոչընդոտում է կրծքագեղձի քաղցկեղի բջիջների աճին։ Ինչպես գրում է Clinical & Experimental Metastasis ամսագիրը, ճարպաթթուների այս տեսակը խթանում է Т-բջիջների արտադրությունը, որոնք էլ ամրապնդում են իմունային համակարգն ու օգնում են պայքարել ուռուցքների դեմ։

Գիտնականների խոսքով՝ կրծքագեղձի հյուսվածքներում զարգացող քաղցկեղի բջիջներն աճում ու տարածվում են անբնական արագությամբ, իսկ բուժման բացակայության դեպքում կարող են ախտահարել նաև այլ օրգանները (թոքերը, լյարդը, գլխուղեղը) և իրենց ազդեցությունն ունենալ ավշային հանգույցների վրա։
Կրծքագեղձի քաղցկեղի դեպքերի մեծ մասը կապված է հորմոնալ դիսբալանսի հետ, ուստի մասնագետները նշում են, որ կենսակերպի ու սննդակարգի փոփոխությունը կարող են նվազեցնել հիվանդության զարգացման հավանականությունը։ Օրինակ՝ հայտնի է, որ ալկոհոլ ու ծխախոտ չօգտագործող կանանց մոտ քաղցկեղի այս տեսակի զարգացման հավանականությունն ավելի ցածր է լինում, քան այն կանանց մոտ, որոնք չեն հրաժարվում այդ վնասակար սովորություններից։Ալկոհոլի և ծխախոտի բացառումից բացի հիանալի կանխարգելիչ միջոց կարող է լինել նաև օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ մթերքի գործածությունը։ Այս տարրերն օժտված են հզոր հակաքաղցկեղային հատկություններով, ինչն ապացուցել են Նեբրասկայի համալսարանի բժշկական կենտրոնի գիտնականները։
Գիտափորձի շրջանակներում մասնագետներն ուսումնասիրել են այս ճարպաթթուների ազդեցությունն էգ մկների վրա։ Պարզվել է, որ օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ կեր ստացած մկները 50 տոկոսով քիչ էին հիվանդանում կրծքագեղձի քաղցկեղով, իսկ հիվանդանալու դեպքում էլ ուռուցքները մետաստազներ չէին առաջացնում և չէին տարածվում։ Բացի այդ, այս ճարպաթթուներն ստացած մկների ողջ մնալու հավանականությունն ավելի մեծ էր, քան այն կրծողների ողջ մնալու հավանականությունը, որոնք չեն ստացել օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ կեր։ Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ օմեգա-3 ճարպաթթուները կարող են ճնշել բորբոքումները, որոնք գործարկում են քաղցկեղի զարգացման գործընթացը։
Մասնագետների խոսքով՝ օմեգա-3 ճարպաթթուների հավելումները կամ դրանցով հարուստ սննդակարգը կարող են կիրառվել որպես բուժման արդյունավետ հավելյալ միջոց կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների թերապիայի ընթացքում և կօգնեն նվազեցնել այս հիվանդության դեպքում զարգացող բարդությունների հավանականությունը։ Այս օգտակար ճարպաթթուներով հարուստ են ձկան յուղն ու յուղոտ ձկնատեսակները, ընկույզները, կտավատի սերմերը, չիայի սերմերը, կտավատի յուղը, բրյուսելյան կաղամբն ու ձիթապտղի յուղը, ուստի հարկավոր է հարստացնել սննդակարգը նման մթերքով։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )