Լոս Անջելեսում բռնկված հրդեհի հետևանքով 10 հրշեջ է տուժել. РИА Новости
10 հրշեջ է տուժել ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքներ իրականացնելու ժամանակ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով քաղաքի հրշեջ ծառայության հաղորդած տեղեկությանը:
«Դեպքի վայրում տեղի ունեցած պայթյունը ահազանգի պատճառ էր դարձել. մոտ 10 հրշեջ է տուժել, շատ շինություններ այժմ կրակի մեջ են»,- հաղորդվում է հրշեջ ծառայության թվիթերյան գրառման մեջ:
Նշվում է, որ Լոս Անջելես քաղաքի կենտրոնում գտնվող 1 հարկանի շինության մեջ ծխի մասին առաջին հաղորդագրությունը ծառայության օգտահաշվում հրապարակվել է 18:26-ին, երևանյան ժամանակով՝ 5:26-ին: Այժմ ավելի քան 230 հրշեջ աշխատանքներ են իրականացնում հրդեհը մարելու համար:
Տեղի ունեցածը որակվում է, որպես խոշոր արտակարգ իրավիճակ: Դեպքի վայր են ժամանել նաև բժիշկներ տուժածներին բուժօգնություն տրամադրելու համար:
