Ամաչում եմ ձեր փոխարեն, հաց ուրացողներ, մանդատը չենք դնելու. որ մեր Նիկոլին տեսնեք, ասեք՝ էլ ուրիշ ձև չգիտե՞ս, վերջին ընդդիմախոսների՞ն ես ուզում վերացնել. Էդմոն Մարուքյան
Հույս չունենաք, թե այս պայքարում կմնաք նախկինների հետ կռվի մեջ. նրանք գնացել են, դուք էլ եք գնալու, ու մենք ենք գալու, ու դուք այսօր շատ հարցերում գործում եք ավելի վատ, քան՝ նախկինները, հետևաբար դուք ավելի նախկին եք, քան՝ նախկինները:Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ դիմելով գործող իշխանությանը:
«Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչներ Ալեն Սիմոնյանի և Սասուն Միքայելյանի հայտարարությունների վերաբերյալ խոսելուց հետո Մարուքյանն անդրադարձավ նաև Լիլիթ Մակունցի առաջարկին, ըստ որի՝ Սասուն Միքայելյանը վայր կդնի մանդատը, եթե այդկերպ վարվի նաև Էդմոն Մարուքյանը, իսկ «Իմ քայլը»-ից Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը վայր կդնեն մանդատները, եթե այդկերպ վարվեն «Լուսավոր Հայաստան»-ից Հրանտ Այվազյանն ու Սարգիս Ալեսքանյանը:
«Ես գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանը Ձեզ խնդրել է, որ մի ձև գտնեք մեր մանդատները դնելու, որ մեր Նիկոլին տեսնեք, ասեք՝ էլ ուրիշ ձև չգիտե՞ս, Նիկոլ, էդ վերջին ընդդիմախոսների՞ն ես ուզում վերացնել: Մեր մանդատներն ինչու՞ դնենք, ու՞մ ենք խփել: Այ, Սասուն Միքայելյանը, բնականաբար, պետք է դնի մանդատը, որովհետև նա քաղաքականության հետ կապ չունի, նա որ խոսում է, մարդիկ չեն հասկանում՝ ինչ է ասում: Էլի մարդիկ կան, որ պետք է դնեն մանդատները՝ հետևից խփողները, մեջքից խփողները, վիզ կտրողները»,-ասաց նա:
Մարուքյանը նշեց՝ հայ մարդու վիզ վերջին անգամ կտրել են Բուդապեշտում ու Ապրիլյան պատերազմի ժամանակ՝ Թալիշում՝ ծեր մարդկանց ականջներն են կտրել, հայ զինվորի գլուխն են կտրել, ու Սասուն Միքայելյանն է սպառնացել վիզ կտրել: «Ուրիշ հայ մարդու վիզ կտրող չեմ ճանաչում: Բա ու՞ր եք, եկեք վիզս կտրեք: Ամաչում եմ ձեր փոխարեն, այ հաց ուրացողներ, այ անցած ճանապարհը ուրացողներ: Հետներս հաց եք կիսել, ամբարտավանությամբ ուրացել եք: Մանդա՞տ եք ուզում, մանդատ չեք ստանալու, մենք բռնության զոհն ենք, դուք՝ բռնության հեղինակները և նախաձեռնողները: Մանդատը դնենք, որ ընդհանրապես անսասան դիկտատուրա՞ հիմնեք երկրում, դա բացառված է»,-հայտարարեց Էդմոն Մարուքյանը:
Հիշեցնենք, որ այսօր Սասուն Միքայելյանը, ելույթ ունենալով խորհրդարանի ամբիոնից, ասաց. «Եթե ներողություն չխնդրեցիր, լավ բան չի սպասի քեզ»:
