Սև ցուցակում՝ ողջ հայկական ավիացիան. ահա թե ինչ արեց «սիրուն աղջիկը»

Քաղավիացիայի շուրջ ստեղծված իրավիճակն ասես երկրի ու տիրող մթնոլորտի մանրակերտը լինի․ տրամագծորեն տարբեր գնահատականներ են հնչում, եւ կողմերը միմյանց մեղադրում են փաստերը խեղաթյուրելու մեջ։ Հանրային հեռուստաընկերությանը Դանիայից հարցազրույց տված Տաթեւիկ Ռեւազյանը հայտարարեց, որ ՔԱԿ-ին չեն զրկել, ընդամենը 2 ավիաընկերություն ժամանակավորապես զրկվել է միայն եվրոպական ուղղություններով չվերթների իրավունքից, կարող են այլ պետություններ թռչել: Իհարկե, ոչ մի խոսք այն մասին, թե ինչու է այս իրավիճակը ստեղծվել, եւ ինչ է տեղի ունենալու հետո։
Թե ինչ կարող է տեղի ունենալ, ներկայացնում է 20 տարուց ավելի ավիացիոն խորհրդատու, 11 երկրներում վերապատրաստված Նավիկ Խաչատրյանը․ «Ընդամենն այն, որ ՔԱԿ-ի անվտանգության աուդիտը չանցնելու պատճառով հայկական գրանցում ունեցող փոխադրողներին չի թույլատրվի թռչել եվրոպական պետություններ։ Սա նվազագույնն է, որովհետեւ կարող են ընդհանրապես չթողնել, զրկեն, ասեն՝ դուք չեք համապատասխանում ICAO-ի պահանջներին եւ, հետեւաբար, իրավունք չունեք սերտիֆիկատ տալ որեւէ փոխադրողի, եղածների թույլտվություններն էլ կասեցնում ենք։ Ինչքան ես տեղյակ եմ, միայն «Ատլանտիս» եվրոպական ավիաուղիներն է անցած տարի անցել անվտանգության աուդիտը, այնպես որ՝ եղածը դա միայն մեկն է»։ Իսկ ի՞նչ կարող էր անել Տաթեւիկ Ռեւազյանը, որ չի արել, եւ ի՞նչ է նախորդել այս ամենին։
Նավիկ Խաչատրյանի ներկայացմամբ՝ դեռեւս 2019-ի ամռանը Հայաստանում են անցկացվել թռիչքային անվտանգության նկատմամբ վերահսկողությունը կազմակերպող կառույցի՝ EASA-ի աուդիտը (դա ICAO-ի անմիջական ենթակա կառույցն է, որ պատասխանատու է մեր տարածաշրջանի համար), աուդիտ են արել Atlantis European Airways-ում եւ «Տարոն ավիա»-ում: «Այսպես է․ աուդիտորները գալիս են, գտնում են իրենց finding-ները՝ հայտնաբերված թերությունները, այն, ինչ տեսնում են, որ չի համապատասխանում ICAO-ի պահանջներին, որ, օրինակ, այս բանը պետք է այսպես անեիք, բայց չեք արել։ Ըստ ընթացակարգի՝ finding-ները պետք է վերացվեն կամ շտկվեն այն ընկերությունների կողմից, որոնցում դրանք հայտնաբերվել են։ Դրանից հետո, կարծեմ՝ դեկտեմբերի սկզբին, Տաթեւիկ Ռեւազյանը եւ եւս մի քանի հոգի իր կառույցից կանչվել են Բրյուսել։ Թե այնտեղ ինչ հանդիպումներ են լինում, եւ ինչ է խոսվում, չգիտեմ, բայց իրենց ասում են, որ գալու ենք ձեզ աուդիտ անենք 2020-ի փետրվարին։ Ասեմ, որ անվտանգության աուդիտն ահավոր խիստ է։ Պատկերացրեք սովորական աուդիտ ու դրանից տասն անգամ խիստ աուդիտ, որովհետեւ խոսքն օդանավերի անվտանգության մասին է, եթե հմուտ օդաչուներ ներգրավված չլինեն, նման աուդիտները փոխադրողը կամ կառույցը չի անցնի։ Առհասարակ, ICAO-ն ահավոր խիստ ընկերություն է։ Հիմա․ դեկտեմբերի 10-ին ինչ-որ զեկույց է գրվում, որում ասվում է, որ Հայաստանի ավիացիան՝ ՔԱԿ-ը, իր գործառույթները պատշաճ չի կատարում, եւ դրա վրա պետք է կառավարությունը լուրջ ուշադրություն դարձնի։ Իրենք ժամանակ են տալիս, բացատրում են, ասում են՝ այսկերպ արեք, պատրաստ ենք հարցերի պատասխանել։ Բայց խնդիրն այն է, որ քանի այժմյան ՔԱԿ-ում բոլոր նախկին հենասյուն համարվող մասնագետներն էլ չեն աշխատում, իսկ հիմիկվա երիտասարդ կադրերը դեռ մասնագետ չեն, վաղուց հասկանալի էր, որ անվտանգության աուդիտ անցնելը մեծ կասկածի տակ էր: Հմուտ օդաչուական կադր չլինելու պարագայում անփորձ աղջկան միայն վարժ անգլերենին տիրապետելու համար նշանակել նման պատասխանատու պաշտոնի՞։ Դա շատ վտանգավոր է»,- մեկնաբանում է փորձագետը։ Ի դեպ, նշում է, որ անգամ ինքը, որ 20 տարի շարունակ ոլորտում է, բայց մասնագիտությամբ տնտեսագետ է ու երբեք չի եղել պետական ստրուկտուրաներում, եթե իրեն առաջարկեին Ռեւազյանի պաշտոնը, միանշանակ կմերժեր։
Ինչեւէ, հետո EASA-ն հայտարարում է, որ Հայաստանի ավիացիոն վարչությունում բավականին մեծ թերություններ կան, ու հետընթաց է ապրել Հայաստանում թռիչքային անվտանգության վերահսկման նկատմամբ վերահսկողությունը, իսկ փետրվարի 3-ին Հայաստան են գալիս աուդիտորները։ Նավիկ Խաչատրյանն ասում է, որ իր փորձի ընթացքում համոզվել է, որ աուդիտորներին մշտապես պետք է մեծ ուշադրություն դարձվի։ Խոսքը, իհարկե, կաշառքի մասին չէ, այլ ահավոր մեծ ուշադրության, որ նրանք խիստ կարեւոր մարդիկ են, պետք է առավոտից իրիկուն նրանց հետ լինել, նրանց տարբեր ռեստորաններ ու տեսարժան վայրեր ուղեկցել եւ այլն։ «Եթե դա չես անում, դա կարող ես չանել, որովհետեւ պարտավոր չես, բայց պետք է պատրաստ լինես, որ մարդիկ ավելի չոր, ավելի խիստ են վերաբերվելու։ Ասենք՝ finding-ը կարող են գրել ավելի մեղմ ու ավելի խիստ, գրելու են ավելի խիստ»,- մեկնաբանեց խորհրդատուն։ Նա ենթադրում է, որ հենց այդպես էլ եղել է՝ փետրվար ամսին եկած աուդիտորներին հայկական կողմը բանի տեղ չի դրել։ Նրանք էլ գրել են այն, ինչ կա։ Որից հետո եկել է այդ խորհրդավոր՝ 57 էջանոց փաստաթուղթը, որը ոչ ոք չի տեսել, բացի Նիկոլ Փաշինյանի խորհրդական Հակոբ Ճաղարյանից, ով մամուլին հայտնել էր, որ չի կարող տեղեկացնել գաղտնի զեկույցում նշվածի մասին։ Քաղավիացիայից շատերը սա փորձել են ճշտել իրենց աղբյուրներով։ Ապարդյուն։ Քաղավիացիայի կոմիտեի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ վերջին օրերին հնչում է առաջարկ՝ ստեղծել սեփական ավիափոխադրող ընկերություն։ Նման առաջարկներ հնչեցրել են Նավիկ Խաչատրյանը, ՀՀՇ-ի օրոք Քաղավիացիայի կոմիտեի նախագահ աշխատած Շահեն Պետրոսյանը։
«Դեռեւս 2 տարի առաջ ՏԿՆ հարթակում ստեղծված ավիացիայի զարգացման խմբում շատերս նկատեցինք, որ մեր առաջ մի անհեթեթ խնդիր էր դրված` ապացուցել կառավարությանը` արդյոք ՀՀ-ին անհրաժե՞շտ է ունենալ ազգային փոխադրող, թե՞ չէ։ Որպես օրինավոր քաղաքացիներ՝ մենք 3 ամիս ծախսեցինք ու ներկայացրինք 33 էջանոց զեկույց` հիմնավորելով, որ, այո, ՀՀ-ին պետք է ունենալ ԱՓ՝ ազգային ավիափոխադրող։ Այդ զեկույցը ոչ ոք չկարդաց, իհարկե, քանի որ կառավարությունն այլ խնդիրներով էր զբաղված։ Դրան հետեւեց 2019-ի փետրվարին հաստատված կառավարության 60 էջանոց ծրագիրը, որտեղ ավիացիային հատկացվեց ընդամենը 2 տող` դրսի չվերթների հաճախականությունը պետք է մեծացնել, եւ ՔԱԿ-ը պետք է զբաղվի օդում աղտոտվածության նկատմամբ վերահսկմամբ։ Դրանով ՀՀ-ում ավիացիոն ոլորտի մակարդակն իջավ պլինտուսից ցածր… Համաշխարհային ավիացիոն փորձը եւ աշխարհի գրեթե բոլոր պետությունների կողմից ընդունված այդ ոլորտի ստրատեգիական նշանակությունը մեզ մոտ underestimate արվեց (թերագնահատվեց, անտեսվեց)։ Պետությունը, ի դեմս ՔԱԿ-ի, կրավորական դիրք ընդունեց, ասաց, որ տեղական փոխադրող ստեղծել եւ շահագործելը զուտ կոմերցիոն ծրագիր է, այնտեղ ոչ մի անվտանգություն էլ չկա, հետեւաբար, ոչ մի աջակցություն չի լինելու` գնացեք եւ մրցակցեք «Աէրոֆլոտի» հետ… հետո, իհարկե, եկան լոուքոսթները, սկսեցին 50 դոլարով ուղեւորներին Հռոմ տանել, եւ այլ պանծալի թեմաներ»,- գրել է ավիացիոն գծով փորձագետը։ Նրա գնահատմամբ, որ այսօրվա դրությամբ ռուսական փոխադրողներն այժմ տիրապետում են ՀՀ ամբողջ ուղեւորահոսքի մոտ 70%-ին, իրենց օդանավակայաններում իրենց փոխադրողների համար կիրառում են մոտ 2 անգամ ցածր սակագներ, քան Հայաստանում գրանցված եւ ՀՀ-ից թռչող փոխադրողների համար (Росснавигация-ն ավելի առաջ գնաց` իրենց սակագները մոտ 3 անգամ նվազ են իրենց փոխադրողների համար, քան մեր), արդյունքն էր նրա, որ 2013-ին Հայաստանը խիստ հապճեպ ու լրիվ անպատրաստ, առանց ICAO-ի համապատասխան հանձնարարականն ուսումնասիրելու, «արագի մեջ ընդունել է» «բաց երկնքի քաղաքականությունը», ինչն էլ հանգեցրեց գործող միակ տեղական փոխադրողի սնանկացմանը, դրանից հետո ներքին փոխադրողի հետ իրական մրցակցության բացակայության պայմաններում ավիատոմսերի գները շեշտակիորեն աճեցին, որոնք պահպանվում են մինչ օրս։
Քաղավիացիայի նախկին պետ Շահեն Պետրոսյանն էլ ասաց, որ Տաթեւիկ Ռեւազյանի բացատրությունները մի քիչ հակասական էին։ Ամեն դեպքում, շատ հեռու է մեղքը միայն նրա վրա բարդելուց։ Շահեն Պետրոսյանն ասում է՝ ամենը, ինչ տեղի է ունեցել, շատ վաղուցվանից է, եվրոպական կազմակերպությունների կողմից այդ զգուշացումները միշտ եղել են։ «Նրանք բազմիցս զգուշացրել են Հայաստանին, որ դուք արտոնագրեր եք տալիս, տարբեր ընկերություններ եք գրանցում, ու այդ ընկերությունները, հիմնականում, թղթի վրայի ընկերություններ են։ Դրա դիմաց օդաչուներին տալիս եք արտոնագրեր, նրանք էլ գնում, ապօրինի գործունեությամբ են զբաղվում տարբեր հակամարտությունների գոտիներում։ Սա է։ Զենքի տեղափոխում կամ թմրանյութերի, տեռորիստական՝ «Վագներ» խմբավորումը․ էդ ամեն ինչն իրենք բացահայտել են ժամանակին, դա վաղուց է եղել։ Հիմա Տաթեւիկի մեղքն այն է, որ նա այդ նախկինի գործարքները չի վերահսկել։ Պետք է մի քիչ օբյեկտիվ լինել եւ գրել, թե ինչ է տեղի ունեցել նախորդ իշխանությունների ժամանակ»,- ասում է Շահեն Պետրոսյանը՝ առաջարկելով հանգիստ թողնել հղի կնոջը։ Նրան հարցրինք․ ինչո՞ւ էր Տաթեւիկ Ռեւազյանը փետրվար ամսին, երբ կորոնավիրուսն արդեն մոտենում էր պանդեմիային, Հայաստան բերում Ryan air-ն ու 30 եվրոյանոց տոմսեր վաճառում բնակչությանը՝ կորոնավիրուսի էպիկենտրոն Միլան թռչելու համար։ Քաղավիացիայի նախկին պետն ասաց, որ ինքը «գրազ էր եկել», որ 30 եվրոյանոց չվերթները 2-3 անգամից ավելի չեն լինի, իսկ թե ինչու էր Ռեւազյանը վիրուսի պայմաններում շարունակում՝ այդ ամենն արդեն պայմանավորված էր։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )