Մարզերից և Երևանից ստացած տվյալների համաձայն՝ հեռավար ուսուցման համար շուրջ 24 հազար սարքի հասանելիության խնդիր կա. ԿԳՄՍ նախարարի տեղակալ 14:16 • 07.04.20

Մարզերից և Երևանից ստացել ենք տվյալներ, ըստ որոնց՝ շուրջ 24 հազար սարքի պակաս կա, և այսօր էլ ստանում ենք դիմումներ սարքերի հասանելիության խնդրի վերաբերյալ: Այս մասին այսօր կառավարության մամուլի կենտրոնում ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով հեռավար ուսուցման համար սարքերի հասանելիության խնդրին:

«Սարքերը առաջնահերթ տրամադրվում են սոցիալապես անապահով ընտանիքներին, միայնակ ծնողով ընտանիքներին, որտեղ կա երկու և ավելի աշակակերտ»,-ասաց նա և նշեց, որ մի քանի հարյուր սարքավորում կտրամադրեն միջազգային կազմակերպությունները:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ մարզերից ստացված տեղեկությունների համաձայն՝ հեռավար կրթության գործընթացում աշակերտների ավելի քան 80 տոկոսի մասնակցություն կա: Ինչ վերաբերում է ուսուցիչների՝ կորանվիրոսով վարակվելու հարցին, ապա փոխնախարարն ասաց, որ ուսուցիչների շրջանում առանձնացված վիճակագրություն չունեն:

Անդրադառնալով հետագա ուսուցման կազմակերպմանը, ինչպես նաև վերջին զանգի միջոցառման կազմակերպմանը, Ժաննա Անդրեասյանն ասաց, որ քննարկում են մի քանի հավանական սցենարներ, թե ինչպես կշարունակեն ուսումնական գրոծընթացը:

«Կարծում եմ, որ առաջիկայում արդեն հստակ կլինի, բայց ուզում եմ հիշեցնել, որ վերջին տարիներին էլ նախարարության քաղաքականությունն էր, որ Վերջին զանգը ոչ թե առավելապես արտաքին ճոխությունն է, այլ այն հոգեվիճակն է, իմաաստավորումն է, որն այս օրերին ավելի խորությամբ ենք զգում և կարծում եմ, որ բոլորիս համար Վերջին զանգը այս տարի կունենա բոլորվին այլ նշանակութուն»,-ասաց նա:

Անդրադառնալով քննություններին՝ նա ասաց, որ քննարկումներ ունենում են այդ ուղղությամբ և կոնկրետ լուծումների վրա են աշխատում, որոնց մասին առաջիկայում կտեղեկացնեն:

«Մենք վստահում ենք ուսուցիչներին, դպրոցներին և սա ամենակարևորն է: Այդ ոգևորվածությունը, որ մենք տեսնում ենք, ցույց է տալիս, որ ուսուցիչները արձագանքել են, և ես կարծում եմ, որ մեծապես պետք է գնահատենք այդ ջանքերը»,-ասաց նա:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )