Վրաստանի վարչապետը հայտարարել է երկրում թեժ գծի ստեղծման մասին, որը կպատասխանի արտակարգ դրության վերաբերյալ քաղաքացիների հարցերին

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան այսօր հայտարարել է երկրում թեժ գծի ստեղծման մասին՝ 144, որը կպատասխանի արտակարգ դրության վերաբերյալ քաղաքացիների հարցերին: Այս հայտարարությունը Վրաստանի վարչապետն արել է երկրում իշխող «Վրացական երազանք» կուսակցության ֆեյսբուքյան էջով հեռարձակված ճեպազրույցի ժամանակ:

«Սա արվում է, որպեսզի խնդիրներ չառաջանան մեր քաղաքացիների համար: Սա համաշխարհային խնդիր է, և բոլորը պետք է հասկանան, որ հնարավոր չէ հստակ կանխատեսումներ անել, թե ինչ կլինի մեկ-երկու շաբաթ հետո, ուստի շատ կարևոր է համաձայնեցված գործելը: Այդ իսկ պատճառով կստեղծվի թեժ գիծ, որն անվճար կլինի և կհամակարգի մեր գործողությունները մեր քաղաքացիների հետ ցանկացած արտակարգ իրավիճակում: Դա կլինի գիծ, որով մենք ուղիղ կապ կհաստատենք մեր քաղաքացիների հետ»,-ասել է Գախարիան:
Վրաստանում մարտի 30-ի 17:20-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 100 դեպք: 18 մարդ առողջացել է:

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 722 664-ի-ի, որից 33 983-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 151 793 մարդ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )