Ալավերդիում հրազենային վնասվածք ստացած Օձունի բնակիչը Երևանի հիվանդանոցներից մեկում է, ազդոսկրի կոտրվածք ունի․ համայնքապետ

Մարտի 9-ին Ալավերդի քաղաքում հրազենային վնասվածք ստացած Օձունի բնակիչը Երևանի հիվանդանոցներից մեկում է, ազդոսկրի կոտրվածք ունի, հավանաբար արդեն վիրահատել են։ Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Լոռու մարզի Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանը։

Նա ներկայացրեց, որ հրազենային վնասվածք ստացածը Օձունի բնակիչ Գևորգյան Արթուրն է. «Նրա վերաբերյալ բողոք չի եղել, խելոք, վատ արարքներով աչքի չընկնող տղա է։ Ճիշտն ասած՝ այդքան էլ տեղեկացված չեմ, բայց ծեծկռտուք է տեղի ունեցել, ոտքից վիրավոր է, կոտրվածք ուներ, պետք է վիրահատեին։ Կրակողին անձամբ չեմ ճանաչում, օձունցի չէ»,- նեկայացրեց նա։
Հիշեցնենք, որ 2020 թվականի մարտի 9-ին, ժամը 17:00-ին, «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից Ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «աջ ազդրի կույր հրազենային վերք, աջ ազդոսկրի միջին երրորդականի բազմաբեկոր կոտրվածք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչ։

Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2020 թվականի մարտի 9-ին, ժամը 16:30-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովայի հրապարակին հարակից այգում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, ապօրինի ձեռք բերած հրազենով կրակ է արձակել Օձուն գյուղի բնակչի ուղղությամբ՝ պատճառելով ծանր մարմնական վնաս:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )