Իջիր ջրի հատակը, մինչև անցնի վտանգը

Ազգային ժողովի ղեկավար կազմը խորը դիսկոմֆորտի մեջ է: Մի կողմից Սահամանդրական դատարանից օր առաջ ազատվելու Նիկոլ Փաշինյանի անհամբեր պահանջը, մյուս կողմից` ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Անդրեյ Շիրցելի և Կիմմո Կիլյունենի անպատեհ հայտարարությունը, որտեղ մտահոգություն են հայտնել ՍԴ նախագահի և վարչապետի միջև լարվածության կապակցությամբ:

Հունվարի 30-ին Հայաստանի Ազգային ժողովի կայքում տեղեկություն էր հրապարակվել սահմանադրական բարեփոխումների օրակարգով ԱԺ արտահերթ նիստ գումարելու մասին: Հայտարարությունը սակայն մի քանի ժամ անց հեռացվեց ԱԺ կայքից, որին հաջորդեց Արարատ Միրզոյանը որոշումը` արտահերթ նիստը չեղարկելու վերաբերյալ: Նիստում ընդգրկված էր ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած օրենսդրական փաթեթը, որով առաջարկվում էր փոփոխել Սահմանադրությունը`շրջանցելով այդ հարցը Սահմանադրական դատարանի հետ համաձայնեցնելու սահմանադրական կարգավորումը: Նախագծով ոչ պարտադիր էր դառնալու ՍԴ-ի կողմից Սահմանադրական բարեփոխումների նախագծի սահմանադրականության վավերացումը, փոխարենը այդ գործառույթը վերապահվում է Ազգային ժողովին։ Առաջարկվում էր նաև ուժը կորցրած ճանաչել ԱԺ ընդունած սահմանադրական փոփոխությունները ՀՀ նախագահի վավերացմանը ներկայացնելու դրույթը: Այսինքն`փաստացի չեղարկվում էր իշխանության ճյուղերի տարանջատումը. Սահմանադրական դատարանը, նախագահը չեզոքացվում են, Ազգային ժողովի մեծամասնությունը` իր առաջնորդով դառնում է միակ իշխանություն: Պետության այս մոդելը հատուկ է բոլշևիկյան հասարակարգին: Որևէ նշանակություն չունի, թե ով է այսօր մեծամասնության, ով` ՍԴ դատավորի կամ երկրի նախագահի դերում: Ցանկացած մեծամասնություն մի օր դառնում է փոքրամասնություն, ցանկացած պետական ինստիտուտ, ներկա կամ նախկին պաշտոնյա կարող է դառնալ բոլշևիկյան համակարգի զոհ և ունենալ սահմանադրական պաշտպանության կարիք:
Ինչևէ,ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված, իսկ հետո չեղարկված նախագծի ընդունումը պետք է կատարվեր արագացված ընթացակարգով:
Թերևս եթե ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի հայտարարությունը չլիներ, հենց այսպես էլ կլիներ` ԱԺ արտահերթ նիստը կհրավիրվեր:
«Զսպվածությունը և հավասարակշռությունը ժողովրդավարական համակարգի կարևոր բաղադրիչներից են: Սա ենթադրում է, որ բոլոր ինստիտուցիոնալ իշխանությունները պետք է գործեն օրենքի գերակայության սկզբունքի համաձայն և իրենց գործողություններում ու արտահայտություններում հարգեն այն, այդ թվում՝ անմեղության կանխավարկածի սկզբունքի շրջանակներում: Եթե նրանց մոտ չստացվի գործել այս սկզբունքների համատեքստում, նրանք քայքայում և վնասում են միմյանց: Հետևաբար, մենք անհանգստացած ենք, որ այս լարվածությունը, որ հասել է աննախադեպ մակարդակի, կարող է ամբողջ դատական համակարգին երկարաժամկետ վնասներ հասցնել»,- նշել են համազեկուցողները: Ակնհայտ քննադատությունը` կապված անմեղության կանխավարկածի և դատական իշխանության ապագայի հետ, համազեկուցողների գնահատականն է ՍԴ-ի ու ՍԴ նախագահի հանդեպ կիրառվող ճնշումների կապակցությամբ:
Նիկոլ Փաշինյանի թիմակիցները փորձում են մանիպուլացնել համազեկուցողների հայտարարությունը` նշելով, թե նրանք ողջունում են իշխանության ձեռնարկած քայլերը`լուծելու ՍԴ ճգնաժամը: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ողջունել է ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունը. «Ողջունում եմ ԵԽԽՎ Հայաստանի հարցով մոնիտորինգի համազեկուցողների արձագանքը և վստահեցնում, որ շարունակելու ենք չտրվել սադրանքների ու իրավունքի գերակայության սկզբունքը ապահովելով լուծել ՍԴ ճգնաժամը»: Ռուստամ Բադասյանի խոսքը ընդամենը արտաքին շղարշն է: Իրականում սակայն իշխանությունները հասկացել են բոլշևիկյան բռնապետություն ստեղծելու նախաձեռնությունը միջազգային կառույցները չեն ընդունելու: Հասկանում են, դրա համար էլ չեղարկեցին արտահերթը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )