Ավտոմեքենաների սկանդալ է հասունանում հայ-ղազախական հարաբերություններում
Հայաստանի եւ Ղազախստանի հարաբերությունները կարող են լարվել։ Ներկայումս դրանք նույնիսկ սկանդալի շեմին են։ Պատճառը այնքան ծանոթ ավտոմեքենաների ներկրումից հետո առաջացած խնդիրներն են։ Բանն այն է, որ մեծ քանակությամբ ավտոմեքենաներ այժմ գտնվում են Ղազախստանում, որոնք Հայաստանի վրայով մտցվել են ԵԱՏՄ տարածք եւ հետո տարվել Ղազախստան։ Ստացվել է այնպես որ դրանք պետք է ղազախական օրենքների համաձայն ունենան իրենց տեղական համարանիշները, սակայն ավտետերերը չեն ցանկանում ղազախական համարանիշներ հանել, որովհետեւ օրինակ դրանք արդեն ունեն հայկական համարանիշներ։ Ղազախական օրենքն այդ դեպքում միանշանակ ասում է, որ կամ պետք է դրանք մասնատել ու որպես պահեստամաս իրացնել կամ պետք է դուրս բերել Ղազախստանի տարածքից։ Ինչ որ ժամանակավոր լուծում կարծես թե կա, այդ մեքենաների օրինականացումը հետաձգվել է, սակայն տեղում արդեն, փորձագիտական եւ քաղաքական շրջանակներում հակահայկական դժգոհություն է հասունանում, քանի որ նույնիսկ եղել են դեպքեր, երբ Ղազախստանի քաղաքացիներին այստեղ՝ Հայաստանում ժամանակավոր գրանցում են տվել կեցության։ Ինչպես գիտեք, պատվիրակություններ եկան ու գնացին, փորձ է արվում կարգավորել խնդիրը։ Թերեւս այսօր կքննարկվի այն նաեւ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում էլ։ Ամեն դեպքում զգալի է, որ Նուր-Սուլթանում դժգոհ են Երեւանի պահվածքից եւ այն չեն համարում դաշնակցային, թեեւ դժվար է նաեւ ասել, թե ղազախները երբ են հայերի հանդեպ առանձնապես ջերմ եղել իրենց ադրբեջանամետ կեցվածքով։
