Մերժվածը
«
ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովը կարծես թե այդքան էլ Ձեզ չի «սիրում», Ձեր բերած նախագծերը պարբերաբար մերժում են, ինչո՞վ է դա պայմանավորված»,- երեկ հարցրինք առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ում պաշտոնի վրա, ասում են, աչք ունի ԱԺ-ի իր կոլեգա՝ հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, ում հովանավորում է Արարատ Միրզոյանը: «Էդ երեւի իրենց պետք է հարցնեք»: Կարո՞ղ է իշխանության ներսում ինչ-որ նկրտումներ կան Ձեր անձի, պաշտոնի հանդեպ:
«Չեմ կարող պատասխանել Ձեր հարցին, անկեղծ ասած»: Բայց նկատել եք, չէ՞, որ շատ են հակադրվում, մերժում, հետ են ուղարկում Ձեր բերած նախագծերը: «Ինձ թվում է, եթե հանրային բաների մասին եք խոսում, բոլորը տեսնում են, այսինքն՝ իմ նկատել կամ չնկատելու հարց չկա»: Երբ գալիս եք ԱԺ, հանդիպո՞ւմ եք Զեյնալյանին: «Եթե կարիք լինում է, հանդիպում եմ»: Ինչպիսի՞ն են ձեր հարաբերությունները: «Գործընկերային»:
