Կա՛մ Սանասարյանը գնում է պատժախուց, կա՛մ Վանեցյանը՝ կադրերի ռեզերվ
Սանասարյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը Հայաստանի հեղափոխական հանրությանը բաժանեց երկու խմբի. քաղաքացիներ, ովքեր ԱԱԾ հանդեպ հրապարակային անվստահություն են հայտնում և ջանում պաշտպանել հեղափոխական Դավիթին թավշյա իշխանություններից, և նրանք, ովքեր արտահայտվում են, Փաշինյանի ասած, «Դավիթը մեր ընկերն է, բայց…» համատեքստում:
Չհաշված շահագրգիռ որոշ շրջանակների ակտիվ վերլուծությունները, թե՝ տեսեք իշխանությունը թևերի է բաժանվում, ոչ յուրայիններին օտարում են, հեղափոխությունը խժռում է իր զավակներին և այլն, և այլն:Համակարգը պետք է կարողանա ինքնամաքրվել
Նախաքննության փուլում գտնվող քրեական գործի մասին շատ վաղ է խոսել: Հաշվի առնելով անձի անմեղության կանխավարկածը, պետք է նշել, որ համապատասխան մարմինները դեռ պետք է կարողանան ապացուցել և հիմնավորել առաջադրված մեղադրանքը: Այս ամենով հանդերձ քրեական գործի հարուցումն ինքնին ուշագրավ հանգամանք է: Կոռուպցիայի և խմբային շահերի սպասարկման մեջ մեղադրվող անձը նոր Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյա է, ով, ի դեպ, հեղափոխության ընդգծված կերպարներից մեկն է:
Բացի այդ, Պետական վերահսկողական ծառայությունը վարչապետին ենթակա և առընթեր գործող կառույց է, որի առաքելությունն է սահմանել հսկողություն պետական միջոցների ծախսման նկատմամբ, վերահսկել բարձրաստիճան բոլոր օղակների աշխատանքը, այդ թվում կառավարության որոշումների և վարչապետի հանձնարարականների կատարման ընթացքը:Հասկանալի է, որ այս կառույցի դերն ու նշանակությունը բազմապատկվում է, երբ ՀՀ նոր իշխանությունը որպես քաղաքական նպատակ հռչակում է երկրում կոռուպցիան արմատախիլ անելու ռազմավարությունը: Նման դեպքում ՊՎԾ-ի որևէ աշխատակցի հասցեին հնչող նույնիսկ փոքրիկ շշուկները շատ վտանգավոր են: Իսկ կառույցի աշխատակիցների, ղեկավարի նկատմամբ կոնկրետ մեղադրանքները շատ կոնկրետ մարտահրավեր են հեղափոխությանը և այն իրականացրած քաղաքացուն: Վերջիվերջո անցած տարի այս օրերին նույն այդ քաղաքացին կենդանի բարիկադ էր կազմել ռեժիմի դեմ ոչ թե այն բանի համար, որ լավ էր հնչում «Մերժիր Սերժին» կարգախոսը, այլ մերժելով Սերժին՝ նա մերժում էր կոռուպցիան, անօրինականությունը, նեղ անձնական ու խմբային շահերով երկիր կառավարելու մեթոդները: Նա համոզված էր, որ «մերժելով Սերժին» լիազորում, իր շարքերից կառավարելու է գործուղում այնպիսիններին, ովքեր ոչ միայն գնում են բացահայտելու նախկինների ապօրինությունները և հետ են բերելու թալանը, այլև գործելու են նոր արժեքներով, որը հռչակել էր ապրիլյան հեղափոխությունը: Եվ ամենակարևորը՝ քաղաքացին համոզված էր, որ կառուցում է պ:ետություն, համակարգ, որը կենսունակ է, ի վիճակի ինքնամաքրման, և որտեղ չկան արտոնյալներ:Եթե ԱԱԾ-ն հիմնավորի իր հայտարարությունները, և փարատվի հանրության մտավախությունը, թե ԱԱԾ-ն գործում է հին Հայաստանի «փորձված» մեթոդներով, ապա սա կնշանակի առողջ գործընթացների սկիզբ: Նշանակում է՝ ձևավորվում է համակարգ, որն ի զորու է ինքնամաքրման, որը նաև լավ նախադեպ է ստեղծում՝ հետագայում ապահովագրելով պետական համակարգը նեխվելուց ու ինքնաոչնչացումից:
«Գլխին սարքելու» նուրբ արվեստը
«Գլխին սարքելու», քաղաքական հետապնդման մասին արդեն բացեիբաց են հայտարարում Դավիթ Սանասարյանը և նրա պաշտպանները: Սանասարյանն ասաց նաև, որ իրեն Քենեդու սպանության մեջ մեղադրելն ավելի տրամաբանական կլինի, քան կոռուպցիայի մեջ:
