Միջազգային հարաբերություններում Փաշինյանը խակ է

Տպավորություն է, որ Իրաքում ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծությունից ու Դոնալդ Թրամփի ասուլիսից հետո Իրան-ԱՄՆ թնջուկը վերջին մի քանի օրերին մտել է «թայմ աութ»՝ դիմակայության հաջորդ ալիքին նախապատրաստվելու համար։ Թե՞ կարելի է այս պահին խոսել հակամարտության դեէսկալացիայի մասին։ Հարցն ուղղեցինք ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանին։ Վերջինիս գնահատմամբ՝ ոչ թե դեէսկալացիա, այլ հակադրությունները հակամարտության հերթական սուր փուլից թեւակոխել են հերթական քրոնիկ փուլ, ինչը նշանակում է, որ տարածաշրջանում աշխարհաքաղաքական պայքարն Ադրբեջանի ու Իրանի եւ նրանց դաշնակիցների ու արբանյակների միջեւ շարունակվելու է այլ ձեւերով՝ դիրքային, տեղեկատվական կետային, թիրախային եւ, վերջապես՝ միջազգային հարթակներում պայքարով։ Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանն այս օրերին քննդատում էր Նիկոլ Փաշինյանին՝ Իրանի հարցում պաշտոնական Երեւանի քայլերի համար։
ԱԳ նախարարի մեկ օր ուշացած հեռախոսազրույցն իրանական գործընկերոջ հետ, ՀՀ դեսպանի բացակայությունը սպանված գեներալի թաղմանը, խորհրդարանական դիվանագիտության՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի, ԱԺ նախագահի, Հայաստան-Իրան բարեկամական խմբի ու ղեկավարի լռությունը, ցածր մակարդակով ցավակցությունները Իրանի դեսպանատանը՝ ադրբեջանցիների կողմից իրականացված տեղեկատվական դիվերսիայի ու այն իրողության ֆոնին, որ Ադրբեջանը գեներալ Սուլեյմանիի թաղմանը ներկայացված էր դեսպանական մակարդակով։ Ըստ որում, Արմեն Աշոտյանը նաեւ զգուշացնում էր, որ Արեւելքը շատ զգայուն է մանրուքների նկատմամբ։ Այդպե՞ս է, թե՞ սա Հայաստանի համար չափազանց նուրբ հարցում իրոք քաղաքական չեզոքության դրսեւորում էր։ Հարցն ուղղեցինք ռուսաստանաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին։ Նա եւս կարծում է, որ այս հարցում Երեւանը դիվանագիտական իմաստով կոպիտ սխալ է թույլ տվել։ «Ես սա ուղղակի վերագրում եմ նրան, որ Փաշինյանը միջազգային հարաբերությունների մեջ․․․ նու, խակ, չեմ ուզում կոպիտ ասել՝ փորձ չունեցող մի մարդ է, եւ, ցավոք, իրեն ոչ մեկը չէր բացատրել, որ եթե նույնիսկ այնտեղ ուղարկեր ամենաբարձր, անգամ ԱԳ նախարարի մակարդակով պատվիրակություն, ԱՄՆ-ում դա կհասկանային, որովհետեւ ամերիկացիներին երկար տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունները՝ Լեւոն Տեր-Պետրոսյանից, Ռոբերտ Քոչարյանից, Սերժ Սարգսյանից․․․ բոլորը պատմել ու բացատրել են Վաշինգտոնին, որ Հայաստանի համար Իրանը կյանքի ճանապարհ է, ու որ դա մեծ նշանակություն ունի Հայաստանի պետականության ու ազգի պահպանության համար։ Սա, այնպես որ, հասկանալի կլիներ ԱՄՆ-ի համար, ու չեմ կարծում, որ Ամերիկան կարող էր այնպիսի մի բան առաջարկել Հայաստանին, որը կարող էր ավելի բարձր լինել, քան Իրանի հետ հարաբերությունները փչացնելը։ Այն դեպքում, երբ Իրանը քո մի սահմանն է, քո միակ ճանապարհը եւ քո մի հնարավորությունը»,-ասում է Միհրանյանն ու ավելացնում․ «Փաշինյանին չեմ ուզում մեղադրել, բայց, փաստորեն, իր շրջապատի մարդիկ դուրս եկավ, որ լրիվ բոբիկ էին այդ հարցում»։ Քաղաքագետն ընդգծում է, որ շատ դեպքեր են եղել, երբ Վաշինգտոնը, իհարկե, դժգոհ է եղել Իրանի հարցում Հայաստանի դիրքորոշումից, բայց, ի վերջո, ըմբռնումով է մոտեցել մեր փաստարկներին, որ սա մեզ համար լինել-չլինելու հարց է։ Այնպես, ինչպես ամերիկացիներն են բացատրում աշխարհաքաղաքական գործընկեր Սաուդյան Արաբիայի հետ իրենց հարաբերությունները։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )