Առողջապահության նախարարությունը հիվանդանոց փակելը որդեգրել է որպես վարքագիծ. պատգամավորը՝ Մարալիկի ծննդատունը լուծարելու մասին

Մարալիկի ծննդատունը լուծարելու խնդիրը ծառացել է 2018 թվականից, այդ ժամանակվանից հաստատության փակման հարցը դրված է եղել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

«Երբ ես Շիրակի փոխմարզպետն էի, այն ժամանակ փորձեցի կասեցնել լուծարումը ու հարցը մնաց մինչև օրս: Խնդիրը ծառացել է ֆինանսավորման բացակայությունից: Կան բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառաբանություններ: Օրինակ, տվյալ հաստատությունում կան թոշակառու բուժքույրեր, որոնց թիվն արհեստական մեծ է, այսինքն կա յոթանասունն անց 18 բուժքույր: Մենք դեռ անցյալ տարի էինք որոշել, որ թիվը պետք է կրճատվի»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ 18 բուժքրոջ փոխարեն կարող է աշխատել 4-ը և ստանալ ոչ թե 25 կամ 30 հազար դրամ, այլ՝ նվազագույն աշխատավարձ:

«Տվյալ հաստատությունը տարիներ շարունակ որևէ պետական աջակցություն չի ստացել, չունի նաև վճարովի ծառայություններ: Կա միայն շենքային շատ լավ պայմաններ, ունեն շատ լավ հնարավորություններ, և կարող են անել թե՛ վճարովի վիրահատություն, թե՛ սոնոգրաֆիա, թե՛ այլ ծառայություներ: Սակայն չի արվում և շենքն ուղղակի պարապուրդի է մատնված: Հիվանդանոցը կահավորելու դեպքում մարդիկ չեն գնա, հասնեն Արթիկ կամ Գյումրի: Քաղաքացիները շատ հաճախ այդ դժվարությունը կրում են նրա համար, որպեսզի այնտեղ կարողանան օգտվել առավել բարձրակարգ պայմաններից»,- ասաց Սոֆյա Հովսեփյանը:
Պատգամավորն ասաց, որ անցյալ տարի շվեյցարացի բարերարը 2 կյուվեզ (հատուկ ինկուբատոր, որտեղ պահպանվում է օպտիմալ ջերմաստիճան և խոնավություն) է նվիրել, մինչդեռ նախարարն ասում էր, որ ծննդատունն անգամ կյուվեզներ չունի: Պատգամավորն ասաց, որ հիվանդանոցին պակասում են վիրահատական սարքավորումները, չնայած որ տեղում կեսարյան վիրահատություններ կատարվել են: Դիտարկմանը, որ հիվանդանոցի վիրահատող բժիշկը մահացել է և սա գուցե նույնպես առիթ է, որպեսզի լուծարեն ծննդատունը, պատգամավորն ասաց.
«Այո, բժիշկը մահացել է, սակայն թե՛ Արթիկից, թե՛ տվյալ մահացած բժշկի տղան, որը գինեկոլոգ է, պատրաստ են գալ ու աշխատել: Այսինքն բոլորն էլ պատրաստակամ են և հերթապահությամբ կաշխատեն միայն հաստատությունը չփակվի: Բացի այդ, ինձ հետ 2 օր առաջ կապվել էր շատ հայտնի մի գինեկոլոգ, ով Մարալիկից է, բայց արտերկրում է բնակվում: Այս պահին չեմ կարող այլ տվյալներ հայտնել, բայց նա մայիսին լինելու է Հայաստանում և հնարավորություն կա, որ իր հետ բանակցենք և հենց ինքն էլ հիվանդանոցը զինի սարքավորումներով, իսկ մինչև այդ մեզ պետք է որ չլուծարեն»:
Պատգամավորի խոսքով՝ առողջապահության նախարարության մոտ ծննդատուն փակելը, կարծես թե, վարքագիծ է դարձել:
«Գյումրիի ծննդատունը փակվեց, հիմա էլ արդեն փակում են Մարալիկի ծննդատունը: Այսպես փակելով՝ չգիտեմ թե ուր ենք հասնելու: Մենք լուրջ խնդիր ունենք հիվանդանոցների կրճատումների հետ կապված: Մենք չպիտի մոռանանք, որ պատերազմող երկիր ենք և, եթե հիշենք ապրիլյան պատերազմը, ապա այդ ժամանակ հոսպիտալների հետ կապված լուրջ խնդիրներ ունեցանք: Ու եթե այսօր մենք դնում ենք ու բոլոր հիվանդանոցները փակում ենք, ապա վաղը մենք մեր գլուխը պատին ենք տալու զուտ նրա համար, որ այսօր հաշվի չենք առնում վաղվա օրը»,-նշեց պատգամավորը:
Նա ընդգծեց, որ Թալին-Մարալիկ մայրուղին ամենավտանգավոր ճանապարահատվածն է, որտեղ գրեթե ամեն օր լուրջ ավտովթարներ են լինում: Նրա խոսքով՝ օգնության հասնող առաջին հիվանդանոցը դա Մարալիկի հաստատությունն է:
«Այստեղ պարզապես պետք է կամ նպատակը զարգացնել, կամ հիվանդանոցը փակել: Փակելն ամենահեշտն է, որը, ինչպես ես հասկացա, առողջապահության նախարարությունը շատ լավ որդեգրել է իր համար որպես վարքագիծ և հերթով դռները փակելով՝ գնում է: Մարզային հիվանդանոցները նաև ավելի մատչելի են սպասարկում: Եթե նախարարությունը խոշորացնում է տվյալ հիվանդանոցները և ուղարկում են Գյումրի կամ Երևան, ապա մեծանում են տվյալ մարդու ծախսերը՝ սկսած բուժումից մինչև ճանապարհածախս: Նույն Արթիկ քաղաքում շատ ավելի էժան է անոթային վիրաբույժին դեմելը, քան Երևանում կամ մեկ այլ խոշոր քաղաքում»,- ասաց Սոֆյա Հովսեփյանը:
Նրա խոսքով՝ 5 տարի հետո ինքը գուցե դեմ չլինի, որպեսզի լուծարեն հաստատությունը, քանի որ այդ ժամանակ գուցե ունենանք զարգացած տնտեսություն:
«Իսկ քանի դեռ մի գյուղից մյուս գյուղը 10 կմ ճանապարհն անցնում ենք 40 րոպեում, բժշկական կենտրոն փակելու մասին խոսք գնալ չի կարող: Մենք չպիտի Երևան քաղաքի տեսակետով դիտարկենք մնացած մարզերը: Գոյություն չունի նման բան, կա լուրջ խնդիր, կա լուրջ դժվարություններ և սա փաստացի աչքփակոցի է, որը արվում է առողջապահության նախարարության կողմից».- եզրափակեց պատգամավորը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )