Աշխարհը շարունակում է հետեւել ամերիկա-իրանական առճակատմանը

Եվ այսպես, աշխարհը 2020 թվականը դիմավորեց ոչ միայն ավստրալական հրդեհներով, այլ նաեւ գլոբալ քաղաքական ամենալուրջ ճգնաժամերից մեկով՝ ամերիկա-իրանական նոր առճակատմամբ, որը սկսվեց գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությամբ, Իրաքում իրանական ուժերի կողմից ամերիկյան բազայի հրթիռակոծմամբ եւ շարունակվում է ցայժմ։ Եթե փորձենք ամփոփել, ապա կարող ենք արձանագրել հետեւյալը․ հրթիռակոծումից հետո մարդկային զոհեր չեն եղել, թեեւ նախապես հայտարարվում էր ութսուն զոհի մասին։ Այն, որ մարդկային զոհեր չեն եղել, հայտարարվել է ոչ միայն ԱՄՆ, այլ նաեւ Իրաքի, Ավստրալիայի, Կանադայի, Դանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդերլանդների, Նորվեգիայի, Լեհաստանի, Իսպանիայի իշխանությունների կողմից։ Իրաքի խորհրդարանը քվեարկեց օտարերկրյա ուժերի՝ Իրաքի տարածքից դուրս բերման օգտին, իսկ ահա ամերիկյան կողմն էլ շեշտում է, որ Իրաքում ընթանում են ցույցեր ընդդեմ Իրանի։
Մասնավորապես, Նասըրի ցուցարարները հրաժարվել են թույլատրել Իրանի հետ կապված որոշ խմբավորումների ներկայացուցիչների իրականացնել Աբու Մահդի ալ Մուհանդիսի հուղարկավորությունը Ալ-Հաբուբի հրապարակում՝ հունվարի յոթին։ Տեղի է ունեցել բախումներ Նասըրի ցուցարարների եւ իրանամետ խմբավորումների ներկայացուցիչների միջեւ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ամսի ութին տված ասուլիսում հայտարարեց, որ Իրանի դեմ նոր սանկցիաներ են լինելու, նաեւ վճռականորեն ասաց, որ այնքան ժամանակ քանի դեռ ինքը ԱՄՆ նախագահն է, Իրանը չի ունենա միջուկային զենք։ Նա նաեւ որոշակիորեն գնահատական տվեց Սուլեյմանիի հանդեպ, ասելով, որ նրա ձեռքերը թաթախված են եւ ամերիկացիների եւ իրանցիների արյան մեջ եւ դեռ վաղուց էր պետք նրան լիկվիդացնել։ Նա կոչ արեց Թեհրանին դադարեցնել հովանավորել ահաբեկչությունը եւ նկատեց, որ ժամանակն է, որ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան Ռուսաստանն ու Չինաստանն էլ սկսեն գիտակցել այն, պոկվել Միջուկային գործարքի համաձայնագրի մնացորդներից եւ սկսել միասին աշխատել, որպեսզի նոր գործարք կնքվի Իրանի հետ, որը աշխարհն ավելի խաղաղ ու անվտանգ կդարձնի։ Նոր գործարքը նաեւ պետք է նպաստի, որ Իրանը ծաղկի ու բարգավաճի եւ օգտագործի իր հսկայական պոտենցիալը։

Իհարկե Թրամփը չմոռացավ նաեւ նշել, որ ՆԱՏՕ-ն պետք է ավելի ներգրավվի Մերձավոր Արեւելքի պրոցեսներին։ Իսկ մինչ այդ, աշխարհը շարունակում է արձագանքել․ Իրաքի վարչապետ Ադիլ Աբդ ալ Մահդին հայտարարել է, որ Իրաքի կառավարությունը շարունակում է քայլեր ձեռնարկել, որպեսզի բոլորը հարգեն Իրաքի ինքնիշխանությունը եւ հետագա սրացումը կանխվի, որպեսզի սեփական ժողովրդին նոր վտանգների առաջ չկանգնեցնի։ Բաղդադը կոչ է արել զսպվածություն ցուցաբերել եւ դիմել բանականության լեզվին եւ պահպանել միջազգային կոնվենցիաները, հարգելով իրաքյան պետությանը եւ վերջինիս կառավարության որոշումները, օգտնելով հաղթահարել ու զսպել ներկա ճգնաժամը, որ մեծ պատերազմի սպառնալիքի կարող է վերաճել ողջ աշխարհի եւ ռեգիոնի համար։ Իրաքում ԵՄ դեսպանի կարծիքով, իրանական ուժերը Իրաքի տարածքում հրթիռակոծելով ամերիկյան բազաները, խախտում են Իրաքի ինքնիշխանությունը։ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի կողմից հնչել է համատեղ հայտարարություն, որով կոչ է հնչեցվել Իրանին զերծ մնալ հետագա բռնություններից, չեղյալ հայտարարել բոլոր միջոցառումները, որոնք անհամատեղելի են Միջուկային գործարքի հետ։ Իհարկե յուրաքանչյուրն էլ իր հերթին դատապարտեց հրթիռային հարձակումը, չմոռանալով նաեւ նշել, որ իրանյան գործողություններին նախորդել են ամերիկյան կողմի որոշակի քայլերը, որոնք էլ հարուցել են Թեհրանի կոշտ գործողությունները։ Իսրայելի համար, ավելի երանելի ժամանակներ, դժվար էր, թերեւս պատկերացնել, եւ վարչապետ Նեթանյահուն անթաքույց ուրախությամբ է շնորհավորել ԹՓրամփին՝ արագ խիզախ եւ վճռական գործողությունների համար։ Կանադան էլ կրկին իրավիճակը ապա-էսկալացնելու կոչով է հանդես եկել։ Մյուսները՝ Նիդերլանդները, Ֆինլանդիան, հիմնականում մնացել են նույն գծի մեջ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )