ԴՕԿ կուսակցությունը հերքում է Վարդան Ղուկասյանի ազատության և ԱԲ-ով տեսանյութեր տարածելու մասին լուրերը

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Վերջին օրերին համացանցում և տարբեր տեղեկատվական հարթակներում շրջանառվում են ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։

 

Մասնավորապես՝ տարածվում են պնդումներ, թե Վարդան Ղուկասյանն ազատության մեջ է, սակայն սեփական կամքով չի ներկայանում հանրությանը, իսկ նրա անունից հրապարակվող տեսանյութերն ու հաղորդագրությունները ստեղծվում են արհեստական բանականության միջոցով։

 

ԴՕԿ կուսակցությունը պաշտոնապես հայտարարում է՝ այս տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

 

Վարդան Ղուկասյանը շարունակում է մնալ անազատության մեջ։ Նրա ազատության մասին տարածվող տեղեկությունները կեղծ են։ Արհեստական բանականության միջոցով նրա փոխարեն հրապարակումներ կատարելու մասին պնդումները նույնպես անհիմն են։

 

Մենք արձանագրում ենք, որ Վարդան Ղուկասյանի ազատազրկումը չի փոխել նրա քաղաքական համոզմունքները, գաղափարական դիրքորոշումն ու պայքարի կամքը։ Անազատության պայմաններում անգամ նա շարունակում է հավատարիմ մնալ իր սկզբունքներին։

 

ԴՕԿ կուսակցությունը հետևողականորեն շարունակելու է պայքարը Վարդան Ղուկասյանի իրավունքների վերականգնման և նրա գործի իրավական հանգուցալուծման համար։ Մենք կարևորում ենք օրինականության, արդար դատաքննության և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը։

 

Միաժամանակ զգուշացնում ենք՝ հանրությանը մոլորեցնող տեղեկությունների տարածումը չի կարող փոխարինել փաստերին։ Կոչ ենք անում լրատվամիջոցներին, հրապարակումների հեղինակներին և քաղաքացիներին պատասխանատվությամբ վերաբերվել տեղեկատվության տարածմանը, ստուգել աղբյուրները և զերծ մնալ չհիմնավորված պնդումներից։

 

ԴՕԿ կուսակցությունը շարունակելու է հրապարակայնորեն արձագանքել իր պատվավոր նախագահի վերաբերյալ տարածվող ապատեղեկատվությանը և անհրաժեշտության դեպքում կիրառել օրենքով նախատեսված պաշտպանության միջոցները։

 

Վարդան Ղուկասյանի ազատության և իրավունքների վերականգնման հարցը մեզ համար սկզբունքային է։

 

ԴՕԿ կուսակցություն

Share This