Գյումրու համայնքապետարանում դատարանի վճիռն էլ իր հերթին «արձակուրդո՞ւմ է»․
Հարկադիր կատարումն էլ դեռ մտածում է՝ երկուշաբթի՞, երեքշաբթի՞, թե՞ մի ուրիշ օր
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը որոշել է՝ Հ. Վ.-ին վերականգնել աշխատանքում և վճարել մարտի 30-ից մինչև աշխատանքի անցնելու ժամանակահատվածի աշխատավարձը։
Դատարանի որոշումը հոկտեմբերի 21-ին ուղարկվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն։ Բայց, կարծես, այստեղ սկսվել է մեկ այլ՝ անժամկետ սերիալ։
Անցել են օրեր, սակայն, փաստաբանի փոխանցմամբ, որոշումը դեռևս կյանքի չի կոչվել։ Ամեն օր՝ նոր պատճառ, նոր բացատրություն, նոր խոստում։ Միայն կատարումն է բացակայում։
Ստացվում է՝ դատարանը որոշել է, քաղաքացին սպասում է, իսկ պատասխանատուները կարծես դեռ քննարկում են՝ արժե՞ արդյոք կատարել դատարանի որոշումը։«Ե՞րբ կլինի»։
«Ոչ երկուշաբթի, ոչ երեքշաբթի… Համեցեք՝ կլինի»։
Միայն թե այս անգամ ներկայացումը թատրոնում չէ։ Դրա գինը վճարում է մարդը, որի աշխատանքային իրավունքը դատարանն արդեն ճանաչել է։
Հարց՝ եթե դատարանի որոշումն էլ հնարավոր է ամիսներով սպասեցնել, ապա քաղաքացին էլ ո՞ւմ պետք է դիմի արդարադատություն ստանալու համար։
Գուցե հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում պետք է նոր պաշտոն սահմանել՝ դատարանի վճիռների կատարման օրը որոշող։
Փաստաբանը հարցնում է՝ ե՞րբ է կատարվելու դատարանի որոշումը, և ո՞վ է պատասխանատվություն կրելու ձգձգման համար։Դատարանի որոշումը խորհուրդ չէ, առաջարկ չէ և առավել ևս՝ կատակ չէ։ Այն ենթակա է կատարման։
